Պուտինի շտապ հեռագիրը Հայաստան

    112

    «Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ նախագահ Պուտինը նախօրեին շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հատկանշական է, որ Պուտինի շնորհավորանքը գործնականում առաջինն է, որ ստանում է Արմեն Սարգսյանն արտասահմանյան գործընկերներից, թեեւ այդ առումով, իհարկե, իրավիճակը հարաբերական է, քանի որ Արմեն Սարգսյանին Երեւանում շնորհավորել է նաեւ մարտի 2-ին Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին: Այդուհանդերձ, Պուտինի շնորհավորական հեռագիրը, իհարկե, առաջինն է, որ ստանում է Արմեն Սարգսյանը, եւ այն հատկանշական եւ ուշագրավ է այդ տեսանկյունից, եւ առաջին հերթին իհարկե նաեւ հրատապության առումով: Պուտինը, փաստորեն, Արմեն Սարգսյանին շնորհավորում է ժամեր անց: Այդ հանգամանքը դիտարժան է մի քանի ասպեկտով: Նախ, Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը շատերի մոտ դիտարկվեց իբրեւ, այսպես ասած, արեւմտամետ նախագահի թեկնածուի առաջադրում, հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանը եղել է դեսպան Մեծ Բրիտանիայում, տարիներ շարունակ տարբեր գործունեություն է ծավալել այնտեղ՝ թե՛ քաղաքական-դիվանագիտական, թե՛ տնտեսական իմաստով: Մյուս կողմից, սակայն, երբ Սարգսյանը սկսեց հանդիպումները Սփյուռքի հետ՝ նախագահի թեկնածության առաջարկն ընդունելու հարցում վերջնական որոշման համար, Սարգսյանն առաջինը այցելեց Մոսկվա:
    Սրանք իհարկե դետալներ են, որոնք ամենեւին չեն նշանակում որեւէ սկզբունքային կողմնորոշում կամ դիլեմա, սակայն, անշուշտ, հետաքրքիր դետալներ կամ շտրիխներ են, եւ դրանց ֆոնին էլ ուշագրավ է Պուտինի թե՛ հրատապ, թե՛ փաստացի առաջին շնորհավորանքը: Մեծ հաշվով, չունենալով անմիջական վարչական իշխանություն, Արմեն Սարգսյանն իհարկե կարող է իր դերակատարումն ու կարգավիճակը, այսպես ասած, արժեհամակարգային հարթության վրա ծառայեցնել Հայաստանում աշխարհայացքային փոփոխությունների համար, իսկ Ռուսաստանի համար, թերեւս, առավել խնդրահարույց է հենց այդ հանգամանքը, քան անմիջական ազդեցությունն իշխանության վրա: Ըստ այդմ՝ Պուտինի ուշադրությունը մի կողմից բավական հատկանշական է, մյուս կողմից՝ կարող է լինել մտահոգիչ ազդակ, որ Ռուսաստանն այս ուղղությամբ կարող է դիտարկել որոշակի հակազդեցության գործողություններ եւ, ըստ այդմ, հետաքրքիր է, թե արդյո՞ք կա այստեղ խնդիր ու ինչպես կկարողանա այդ խնդրին արձագանքել Արմեն Սարգսյանը: Կկարողանա՞ նա Հայաստանի համար դառնալ Ռուսաստանի հետ հարաբերության որակական վերափոխման, առողջացման, եւ գործնականում դաշնակցային իրական բնույթի բերելու խնդրի լուծման նոր եւ արդյունավետ գործիք, մեխանիզմ, թե՞ կուլ կգնա ներկայիս հարաբերություններին»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    dailynews.am

    Comments

    comments