Միլանում Femen միջազգային ֆեմինիստական շարժման ակտիվիստներից մեկը փորձել է խանգարել Իտալիայի նախկին վարչապետ, Իտալիայի նախարարների խորհրդի նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիին, երբ վերջինս ընտրատեղամաս է ժամանել՝ խորհրդարանական ընտրություններին քվեարկելու համար: Այս մասին տեղեկացնում է Corriere della Sera թերթը: Աղբյուրի հաղորդմամբ՝ կիսամերկ աղջիկը բարձրացել է ընտրական հանձնաժողովի սեղան՝ վանկարկելով «Քո ժամանակն անցել է, Բեռլուսկոնի», և փորձել խանգարել Բեռլուսկոնիին: Վերջինս ի պատասխան ժպտացել է, այնուհետև իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են աղջկան: Նշվում է, որ միջադեպից հետո Բեռլուսկոնին քվեարկել է առանց որևէ խոչընդոտի: Հիշեցնենք, որ Իտալիայում այս առավոտ մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Երկրում առավոտից բացվել է ավելի քան 61 000 ընտրատեղամաս: Այս քվեարկությամբ երկրում ընտրում են Իտալիայի ազգային խորհրդարանի երկու պալատների՝ Սենատի և Պատգամավորների (ստորին) պալատի նոր կազմը:

Միջադեպի տեսանյութը (18+)  կարող եք դիտել այստեղ։

Comments

comments