Այդ զանգը միակ ու լավ նորությունն էր այդ օրերին, հետո սկսվեց մղձավանջը
- SMM Hub
- Jan 13, 2024
- 3 min read

Դավիթ Գալստյանը MediaHub-ին պատմում է 2023 թվականի սեպտեմբերին՝ արցախյան պատերազմի, բռնի տեղահանության, վառելիքաքսուքային նյութերի պահեստում տեղի ունեցածի և իր ընտանիքի կորուստների մասին։
Գալստյանները, որ ապրում էին Ստեփանակերտում, ամբողջ ընտանիքով ինչ-որ տեղ պատվով ու իրար թև-թիկունք լինելով էին հաղթահարում Արցախի պաշարման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Եկավ սեպտեմբերի 19-ը։ Դեռ առավոտից Ստեփանակերտում լուրեր էին տարածվում, որ դիրքերում իրավիճակը լարված է։
«Ես ու աղջիկս հիվանդ էինք, մնացել էինք տանը։ Զանգեցինք մի քանի տեղ ճշտեցիք, ասացին, որ լարվածություն չկա։ Հետո ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ «խուճապի մատնվել պետք չէ, դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։ Կեսօրին, երբ ընտանեկան ճաշի ժամն էր՝ լսեցինք պատերազմի ձայնը»,- պատմում է Դավիթը։ Նա Ստեփանակերտի ծայրամասային թաղամասերից մեկում՝ հայրական տան կողքին կառուցել էր նորը։
Ծնողների, կնոջ ու երեխաների հետ տեղափոխվում են նորակառույց տան կիսանկուղային հարկ, հետո նրանց միացան եղբոր և քույրերի ընտանիքները։ Սակայն, բոլորի ուշքն ու միտքը՝ դիրքերում գտնվող եղբայրն էր, որի հետ կապ հաստատելն անհնար էր։
«Քաղաքում լույս չկար, վերջացել էր հեռախոսների մարտկոցների էներգիան, միակ հույսը հրաշքն էր, որ պիտի լիներ։ Գնալով ուժեղանում էր ծանր հրետանու ձայները, քանի որ հաջորդ օրը հորս ծննդյան օրն էր, երեխաներին խաբում էինք, որ հրավառություն է պապիկի ծնունդի կապակցությամբ։ Լույսը բացվեց, մարտերը դեռ շարունակվում էին, իսկ աղջկաս տաքությունն ավելի էր բարձրանում»,- հիշում է Դավիթը՝ ընդգծելով, որ «քանի բոլորս ողջ էինք, միասին էինք, ամեն ինչ հաղթահարելի էր թվում, մեր դարդն ու կրակը միայն Էդգարն էր, որ դիրքերում էր ու հորս առողջությունը։ Նրա հիվանդությունը սպասումներից ավելի էր սրվել»։
Հրադադարից հետո ադրբեջանական զորքը դիրքավորվել էր Ստեփանակերտի մատույցներում․ փոքր տրամաչափի զինատեսակներով կրակահերթեր՝ որքան ասես։ Այն լսելի էր անգամ տներում, վախ ու խուճապ կար։ Գալստյանները միասին տեղափոխվել են քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող Էդուարդի տուն։
Իրավիճակը հանդարտվում է, Դավիթը հոր հետ վերադառնում է իրենց տուն։ Հաջորդ օրը կրակոցներն ավելի են շատանում։ Ճանապարհին ադրբեջանական մեկ հրթիռ ընկնում է իրենց տնից ոչ հեռու հատվածում։ «Բարեբախտաբար, մենք չենք վնասվում։ Քանի որ ինֆորմացիոն բլոկադա էր, ես սկսում եմ Էդուարդի որոնումները։ 3 օր անց, գիշերը զանգում ասում է, որ ամեն ինչ լավ է իր հետ։ Այդ հեռախոսազանգը միակ ու լավ նորությունն էր այդ օրերին, հետո սկսվեց մղձավանջը»,- ասում է մեր զրուցակիցը։
Իրավիճակն արդեն պարզ էր․ Արցախը հարկադրված հայաթափվում էր։ Եղբայրները սկսում են, Դավիթի խոսքով՝ «բենզինի որսը»։ Ինքն ու Էդուարդը գնում են այլ ուղղությամբ, քույրերի ու եղբոր որդիներն՝ այլ, վերադառնում են ապարդյուն։ Սեպտեմբերի 25-ին քրոջ որդու՝ Արենի հետ հասնում են Հայկազով, 10 րոպե անց՝ տեղի է ունենում պայթյուն և կրակի օջախն իր ճիրաններն է հավաքում տարածքում գտնվող հարյուրավոր մարդկանց։
«Արենն ինձանից քիչ հեռու էր։ Ես կանգնած էի այդ շինության վրա, երբ աչքերս բացել եմ, հասկացել եմ, որ ծածկի հեծանի վրա եմ։ Չորսբոլորս կրակ ու անմարդկային տեսարաններ։ Դեմքս ու ձեռքերս վառվել էին»։
Օգնությամբ Դավիթը դուրս է գալիս կրակի փոսից ու սկսում է փնտրել Արենին։ Հետո, նախ ոտքով, ապա պատահական մեքենայով, կես ճանապարհն ընկերոջ օգնությամբ հասնում է Ստեփանակերտի մանկական հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն են ցուցաբերում, իսկ մի քանի օր անց ուղղաթիռով տեղափոխում նախ, Սիսիան, ապա առողջական վիճակը վատանալու պատճառով՝ Երևան հանրապետական հիվանդանոցի ռեանիմացիոն բաժանմունք։
«Այստեղ եմ իմացել, որ քրոջս ու եղբորս տղաներն էլ են եղել այդ տարածքում, որոնց տեղափոխել են Բելգիա, հիմա, փառք Աստծո, տանն են։ Իսկ Արենից ոչ մի լուր, ցավոք, մինչ օրս չկա»,- ասում է Դավիթ Գալստյանը։
Ընտանիքը մեծ դժվարությամբ է անցել գաղթի ճանապարհը։ Մանկահասակ երեխաների հոգսը՝ սյունեցի կնոջ՝ Գայանեի վրա էր, ով երեխաներին հայրական տանը տեղավորելուց հետո, ընտանիքի հետ երկար ժամանակ մնացել է հիվանդանոցներում, հոգ տարել ամուսնու, այրված հարազատների ու Դավիթի հոր՝ Բոգդան Գալստյանի առողջական վիճակի մասին. «Այդքան ծանր ապրումներից հետո հայրս մահացավ։ Նրա կյանքի համար պայքարը արդյունք չտվեց։ Չդիմացավ դարդերին»։
Մոտ 2 ամիս Դավիթն անց է կացրել հիվանդանոցում, նրա հարազատները՝ օտարերկրյա բուժհաստատություններում։ Բոլորովին վերջերս է դուրս գրվել ու հիմա քրոջ որդու՝ Արենի անհայտ ճակատագրից ու հոր կարոտից ասում է՝ «շնչահեղձ եմ լինում»։ Իր ու ընտանիքի հետ կատարվածը մղձավանջ է համարում․ «Եթե մի հրաշքով Արենը վերադառնա, դարդ չեմ անի։ Հիմա մեր ընտանիքի երազանքն ու աղոթքները՝ միայն Արենի մասին են»։


Հունան Թադևոսյան
Comments