top of page

Վրաստանում բռնել են Օդեսայից ՌԴ պայթուցիկ տեղափոխող բեռնատար. հանցակից են Վրաստանի, Ուկրաինայի եւ ՀՀ բնակիչներ

«ՊԱԾ Հակաահաբեկչական կենտրոնը օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում առգրավել է մի քանի միավոր պայթուցիկ սարք եւ մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ»,- ճեպազրույցում հայտնել են Պետական անվտանգության ծառայությունում, տեղեկացրել է Վրացական առաջին ալիքը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ քննչական գործողությունների շրջանակում առգրավվել է երկու կուտակիչ, որոնք նախատեսված էին էլեկտրամեքենայի համար։ ՊԱԾ տեղեկացմամբ՝ կուտակիչները օգտագործվել են որպես բեռնարկղեր պայթուցիկ նյութերի եւ սարքերի տեղափոխման համար։

«Երկու կուտակիչները ընդհանուր առմամբ վեց հատուկ պայթուցիկ սարք են պարունակել։ Ականազերծման հատուկ խումբն այդ կուտակիչներից հանել է պայթուցիկ սարքերն ու նյութերը, որոնք ուղարկվել են ՆԳՆ փորձագիտաքրեական վարչություն՝ փորձաքննության։

Պարզվել է, որ պայթուցիկ սարքերը պարունակում են ռազմական նշանակության С-4 պլաստիկ պայթուցիկ նյութ, որը կարելի է ակտիվացնել էլեկտրադետոնատորի եւ հատուկ ժամացույցի օգնությամբ։ Պայթուցիկի ընդհանուր քաշը եղել է 14 կիլոգրամ։ Բեռնարկղերում եղել են նաեւ 6 միավոր դետոնատոր եւ 6 միավոր հատուկ բանալի։ Նույն քանակությամբ ժամացույցներ տեղադրված են եղել բոլոր վեց արկղերում, որոնցում ակտիվացման ժամանակն արդեն նշված էր։ Նախնական քննությամբ պարզվել է, որ բոլոր վեց սարքերը պատրաստված են եղել բարձրակարգ մասնագետի կողմից եւ հաշվառված են խոցման լայն շառավղի համար։ Դրանց գործարկումը կարող էր հանգեցնել ենթակառուցվածքի զգալի վնասի եւ զանգվածային զոհերի։ Այս նյութի լիցքը շատ ավելի հզոր է տրոտիլի լիցքի պայթյունից։

Հակաահաբեկչական կենտրոնի համալիր գործողությունների արդյունքում պարզվել է, որ այդ պայթուցիկ սարքերը եւ նյութերը Վրաստան են բերվել հունվարի 19-ին ուկրաինական Օդեսա քաղաքից։ Դրանք Վրաստանում հայտնվելուց առաջ անցել են Ռումինիայով, Բուլղարիայով եւ Թուրքիայով՝ մինիվենով, որը պատկանել է Ուկրաինայի քաղաքացու։ Մեքենան մեր երկիր է մտել «Սարպի» անցակետով։ Նախատեսվում էր պայթուցիկը դուրս բերել Ռուսաստանի Դաշնություն, կոնկրետ՝ Վորոնեժ, «Դարյալ» անցակետով։

Ավելի ուշ պատվիրատուի պահանջով որոշումը փոխվել է, եւ մասնակիցները փորձել են նշված կետից հանել բեռնարկղերից մեկը, որոնցում դրված էին երեք պայթուցիկ սարքերը։ Երկրորդ բեռնարկղը՝ երեք պայթուցիկ սարքերով, մնացել է Թբիլիսիում, կոնկրետ հասցեում։ Հակաահաբեկչական կենտրոնի աշխատակիցները բռնել են մեքենան եւ առգրավել պայթուցիկ նյութերն այն պահին, երբ այն պետք է հատեր վրաց-ռուսական պետական սահմանը վրացական կողմից։

Օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ այս ամենին հանցակից են եղել յոթ մարդ Վրաստանից, երեք մարդ Ուկրաինայից եւ երկու մարդ Հայաստանից։

Գործի նյութերի համաձայն՝ այս գործընթացը կազմակերպել է Ուկրաինայի քաղաքացի, 2020թ. Օդեսայի մարզի Կիեւի օկրուգի Ռադայի պատգամավորի թեկնածու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից՝ Անդրեյ Շարաշիձեն, որը ծնունդով Բաթումից է։

Ներկայում կատարվում են քննչական-օպերատիվ միջոցառումներ հանցակիցներին բռնելու համար, ինչպես նաեւ պարզելու համար երթուղին, նշանակման վերջնակետը, հարձակման օբյեկտները, հանցանշանները։

Ինչ վերաբերում է երեք պայթուցիկ սարքերին, որոնք մնացել են Թբիլիսիում (արդյո՞ք դրանք նախատեսված են եղել Ռուսաստան տարվելու համար, թե՞ պետք է մնային Վրաստանում՝ գործողության մեջ դրվելու համար)՝ կպարզի ընթացիկ հետաքննությունը։

ՊԱԾ Հակաահաբեկչական կենտրոնը փաստով իրականացնում է հետաքննություն Վրաստանի Քր.օր. 236 հոդվածի 3-րդ մասով՝ պայթուցիկ նյութերի եւ սարքերի անօրինական ձեռքբերում եւ պահում։ Այս հանցագործությունը պատժվում է 3-6 տարի ազատազրկմամբ։

Comentários


1/483

LATEST NEWS​​

bottom of page