ՔՊ-ն չի վերցրել մանդատները Ամասիայում
Ամասիա խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստին 9 կողմ, ոչ մի դեմ ձայներով համայնքի ղեկավար է ընտրվել «Արփի Ամասիա» դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը: ՔՊ-ն հրաժարվել է վերցնել ավագանու անդամի մանդատները՝ մտածելով, որ դրա արդյունքում տեղի կունենան նոր ընտրություններ, սակայն «Արփի Ամասիա» դաշինքը և ՀՀԿ-ն վերցրել են իրենց մանդատները և միասին ունենալով 50 տոկոսից ավելի ձայն՝ համայնքապետ են ընտրել Ջեմմա Հարությունյանին:
Ջեմմա Հարությունյանը News.am-ին մանրամասնել է, որ իր օգտին քվեարկել են ավագանու և իրենց խմբակցության 6 անդամները, նաև ՀՀԿ-ի երեք անդամները:
«6 մանդատ ունեցել է «Արփի Ամասիա» դաշինքը, 3 մանդատ՝ ՀՀԿ-ն: Ընտրություն է եղել, ձայներից 9-ն էլ ինձ են տվել, առանց «դեմ»-ի ընտրվել եմ: Ինչ վերաբերում է ՔՊ-ի կողմից մանդատները չվերցնելուն, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Այո, ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու պաշտոնական հայտարարություն տարածել էինք, բայց փաստաթղթով չէինք ֆիքսել։ Հետո իրենք մեզ հետ չցանկացան աշխատել: Փաստորեն, ՔՊ-ականները չեն լինելու ավագանու կազմում, նրանք իրենց 6 մանդատները չեն վերցրել: Իրենց ամբողջ ցուցակով՝ 32 անձ, հրաժարվել են»,- ասել է նա:
Ամասիայում ՔՊ-ն ստացել էր 1217 ձայն, «Արփի Ամասիա» դաշինքը՝ 1200 ձայն, ՀՀԿ-ն՝ 750 ձայն:
Comments