top of page

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե սահման պետք է ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված սահմանները պետք է արտահայտվեն գետնի վրա». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի ընթացքում The Telegraph-ի թղթակից Ռոլանդ Օլիֆանթի առաջին հարցը հետևյալն էր. «Հիմա արդեն հինգ ամիս է, ինչ ադրբեջանական ուժերը լիակատար հսկողության տակ են առել Լեռնային Ղարաբաղը։ Դրանից հետո խաղաղության մասին քննարկումներ են տեղի ունեցել, նախագահ Ալիևը խոսել է խաղաղության և 30-ամյա հակամարտությանը պաշտոնապես վերջ տալու իր պատրաստակամության մասին, սակայն դրանից հետո ոչինչ տեղի չի ունեցել։ Որտե՞ղ ենք հիմա և ինչո՞ւ է ձգձգվում»։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Միջազգային երեք ֆորմատներում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են: Առաջինը տեղի է ունեցել 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում, որին մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոմիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ես, և մենք՝ երկար քննարկումներից հետո, ընդունել ենք համատեղ հայտարարություն, որտեղ արձանագրվում է հետևյալ սկզբունքը, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Ի՞նչ է սա նշանակում. Ալմա-Աթայի հռչակագիրը հետևյալի մասին է և այն ստորագրել են Խորհրդային Միության մաս կազմած 12 հանրապետություններ: Նրանք այդ հռչակագիրը ստորագրելով՝ արձանագրել են մի քանի բան: Առաջինը՝ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ և այդ հանրապետությունները՝ դառնալով ինքնիշխան պետություններ, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը և սուվերենությունը: Եվ այսպիսով՝ Ալմա-Աթայի հռչակագրով, Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դառնում են այլևս պետական սահման:

Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետև Ալմա-Աթայի հռչակագրում արձանագրվում է, որ այդ հանրապետություններն ընդունում են գոյություն ունեցող սահմանները, այսինքն՝ այդ պահին ինչ սահման գոյություն ուներ, նրանք այդ սահմանների անձեռնմխելիությունը ճանաչում են: Այստեղ մի շատ կարևոր նրբություն կա, որ ես ուզում եմ ընդգծել, Ալմա-Աթայի հռչակագիրը և հռչակագրի հետ կապված փաթեթները Հայաստանի խորհրդարանը վավերացրել է 1992թ.-ին, Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է ավելի ուշ: Ստորագրումից և վավերացումից հետո տեղի են ունեցել շատ իրադարձություններ, բայց այս համատեքստում շատ կարևոր է արձանագրել, որ Պրահայում հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի և Եվրոմիության խորհրդի նախագահի ներկայությամբ Հայաստանը և Ադրբեջանը, ըստ էության, այդ բոլոր իրադարձություններից հետո, վերահաստատել են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Եվ երկրորդ կարևոր կետը, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա հիմքը երկու երկրների միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանազատման և սահմանագծման հիմքը: Սա էլ շատ կարևոր սկզբունք է, ինչն այս համատեքստում նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ոչ թե սահման պետք է ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված, վերահաստատված սահմանները պետք է արտահայտվեն գետնի վրա, քարտեզների վրա: Սա առաջին ֆունդամենտալ պայմանավորվածությունն է:

Դրանից հետո՝ հոկտեմբերի 30-ին, ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ եռակողմ հայտարարությունը, որտեղ Հայաստանը և Ադրբեջանը գրավոր հայտարարությամբ ընդունել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը և հայտարարում են, որ հրաժարվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, և բոլոր հարցերը կլուծեն բանակցային ճանապարհով: Այս պայմանավորվածությունն է նաև հիմք դարձել՝ երրորդ ֆունդամենտալ սկզբունքի ձևավորման և ձևակերպման, որը նշանակում է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, ապաշրջափակումը և միմյանց համար ճանապարհների բացումը տեղի կունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման շրջանակներում, և այդ սկզբունքն էլ՝ նախորդ երկու սկզբունքների հետ, արձանագրվել է մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքում: Ընդ որում՝ բոլոր, ինչի մասին ասում եմ, խոսքը հրապարակային փաստաթղթերին է վերաբերում:


Ի՞նչ կապ ունի այս ամեն ինչը Ձեր հարցի հետ: Իսկ կապը հետևյալն է, որ ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունը և սկզբունքները համաձայնեցված են և նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք, ի վերջո, վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, բայց սկզբից Ադրբեջանը երեք անգամ հրաժարվեց մասնակցել տարբեր ֆորմատներով բանակցություններին, որից հետո նշանակվեցին Ադրբեջանում նախագահական ընտրություններ: Եվ, ըստ էության, մենք այս կետի վրա ենք և ենթադրում եմ, որ նախագահական ընտրություններից հետո մենք այս կետերի շուրջ կկարողանանք հասնել իմպլիմենտացիայի, եթե քաղաքական կամք լինի:

Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը, ինչպես նախկինում, ունի այդ քաղաքական կամքը՝ գնալու մեր տարածաշրջանում կոնկրետ խաղաղության և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման՝ վերը նշված պայմանավորվածությունների հիման վրա»:



Comentários


1/472

LATEST NEWS​​

bottom of page