top of page

Եվրոպական մի քանի դիտորդներն ավելի մեծ դեր կատարեցին, քան ռուսական զորաբանակը. դա փաստ է. Պարույր Հայրիկյան

Մենք ունենք հայկական հարց. Արցախը հայկական հարցի մի մասն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակեպած քննարկման ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

«Մեր մեծագույն  ռազմավարական սխալը եղել է այն, որ մենք չուզեցինք Արցախն  ընկալել որպես հայկական հարցի մի մաս և հայկական հարցի մյուս տարրերից տարբերվող նրանով, որ այնտեղ ապրող, ինքնորոշվող հայություն կա։ Դա է տարբերությունը:

Մեր դաշնակիցները տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանի դեմ անհրաժեշտ ընդդիմությունը չկա, ուրեմն դա է հայերի որակը: Ես վերջերս երկու միջազգային միջոցառման եմ մասնակցել, նշում են Սովետական Միության ազգերին, հայերի անունն այլեւս չեն տալիս, սարսափելի է:

Արցախը կար, որովհետև Հայաստանն ինչ-որ չափով աջակցում էր Արցախին, թիկունք էր լինում։  Մենք պետք է հասկանանք՝ Հայաստանն էլ կա, աշխարհում  որևէ պետություն կա, բացի Հնդկաստան, Չինաստան, ինչ որ չափով ՌԴ, ԱՄՆ, իրենց դաշնակիցներով։ Հայերս կարող ենք հաջողությունների հասնել, եթե մենք մեր ճիշտ տեղը գտնենք»,- ասաց Պարույր Հայրիկյանը։

Նա նկատեց, որ շատերն են հավատացել հայ-թուսական դաշինքին, եւ դա իրեն չարդարացրեց. «Հիմա եթե շարունակենք մեզ խաբել, արժանի կլինենք խաբվածի ճակատագրին: Ի վերջո, եվրոպական մի քանի դիտորդներն ավելի մեծ դեր կատարեցին, քան ռուսական զորաբանակը: Դա փաստ է, որ պետք է արձանագրենք  եւ ճիշտ կողմնորոշվենք:  ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումն այս շատ վտանգավոր փուլում պետք է բավական հստակ լինի, որ մենք կարողանան Հայաստանը դարձնել քաղաքակիրթ աշխարհի մի մաս եւ այդ ճանապարհով ոչ միայն Արցախի հարցը լուծենք, այլեւ զբաղվենք արդարությամբ»,- հայտարարեց Հայրիկյանը:

Comments


1/472

LATEST NEWS​​

bottom of page