Լատվիայում փետրվարի 15-ից կսկսեն բռնագրավել ռուսական համարանիշներով մեքենաները. «Կոմերսանտ»
Լատվիան սահմանափակումներ է մտցրել ռուսական համարանիշներով մեքենաների համար։ Այս մասին տեղեկացրել է «Կոմերսանտը»։ Կկիրառվեն տուգանքներ, կամ մեքենաները կբռնագրավվեն։
«Հանրապետության խորհրդարանի որոշումը ուժի մեջ է մտնելու փետրվարի 15-ին, այն ընդունվել է դեռ նոյեմբերին, այս ընթացքում անհրաժեշտ էր դուրս բերել կամ վերագրանցել այդ մեքենաները։ Հինգշաբթի օրվանից ռուսական համարանիշներ ունեցող մեքենաների տերերին կարող են սպառնալ տուգանքներ 750-2 հազար եվրոյի չափով, կամ նրանց մեքենաները կբռնագրավվեն»,- նշված է հաղորդագրությունում։
Ռուսաստանում գրանցված մեքենաների արգելքը Լատվիայում ընդունվել է նոյեմբերի 2-ին։
Օրենքը նախատեսում է, որ մինչեւ 2024թ. փետրվարի 14-ը Ռուսաստանում գրանցված մեքենաների տերերը պետք է վերագրանցեն դրանք Լատվիայում կամ դուրս բերեն երկրի սահմաններից։ Այդ օրվանից հետո նման մեքենաները Լատվիայի ճանապարհներով կարող են անցնել միայն տարանցմամբ։ Տարանցումն էլ հնարավոր է միայն մեկ անգամ։
Մեքենայի սեփականատերը պետք է տեղեկատվական ծառայությունների միջոցով տեղեկություն տրամադրի ճանապարհային երթեւեկության անվտանգության տնօրինությանը մեքենայի եւ անցման ժամկետի մասին։ Եթե ռուսական գրանցում ունեցող մեքենայի տերը շարունակի օգտագործել այն Լատվիայում 2024թ. փետրվարի 14-ից հետո, մեքենան կբռնագրավվի։
Comments