Վահան Կոստանյանի հանդիպումները ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալներ Մեհդի Սաֆարիի և Ալի Բաղերի Քանիի հետ
Փետրվարի 14-ին Հայ–իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալներ Մեհդի Սաֆարիի և Ալի Բաղեր Քանիի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի, և այլ բնագավառներում երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցերին: Կողմերը ընդգծել են երկու երկրների գործարար միջավայրի ներկայացուցիչների պարբերական շփումների, համատեղ ներդրումային ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը: Ընդգծվել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի՝ իրանական ընկերությունների կողմից նախանշված ժամկետներում կառուցման կարևորությունը։ Նախարարի տեղակալն իրանցի գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասնամասները։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում առկա գործընթացները։ Այս առնչությամբ բարձր է գնահատվել Իրանի ղեկավարության քանիցս արտահայած դիրքորոշումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, դրանց համադրման և փոխշահավետ գործակցության շարունակականության ապահովման կարևորությանը։
Comments