ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունը` Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին
Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը:
Նշենք, որ վերջին շրջանում այս երկու երկրների միջև սերտ համագործակցություն է հաստատվել: Իլհամ Ալիևի` Սերբիա կատարած այցից հետո ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Բելգրադը Ադրբեջանին է վաճառել 48 Nora-B52 ինքնագնաց կայանք՝ 311 մլն եվրո ընդհանուր արժեքով:
Լրատվամիջոցը ՀՀ ԱԳՆ-ին հարցրել էր, թե արդյոք ՀՀ պաշտոնյաներն այդ հարցը քննարկել են սերբ գործընկերների հետ՝ հաշվի առնելով Սերբիայի հետ նախկինում ունեցած բարիդրացիական հարաբերությունները։
«Սերբիայի հետ առկա է մշտական ակտիվ փոխգործակցություն։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հայ-սերբական օրակարգի բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության»,- լրատվամիջոցին պատասխանել են գերատեսչությունից։
Հավելենք, որ փետրվարի 1-ին Ադրբեջանի և Սերբիայի ՊՆ-ները 2024թ.-ի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել։
Comments