Ադրբեջանը գնում է Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու հեռանկարով. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարբերաբար խոսում է 4 գյուղերի տարածքների մասին՝ միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ։
«Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է․ որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից ետ գնան, անհրաժեշտ է քարտեզի ու գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրի զորքերը ետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։ Այսինքն, սահմանի վերարտադրությունից հետո եթե պարզվի՝ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է ետ քաշվեն։ Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ ետ չգնան։ Սա կառուցողական դիրքորոշում չէ, և կրկին, Հայաստանի անունից, վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են»,- ասել է նա։
Վարչապետը նաև նշել է, թե այդ սկզբունքները միջազգային հարթակներում գրավոր արձանագրել են։
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ լուծումների։
«Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին՝ սահմանագծում իրականացնել անգամ մարզ առ մարզ, ամեն հատվածում վերարտադրել սահմանը, ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի, և անցնել հաջորդ հատվածին, իսկ էքսկլավային հարցերը թողնել հաջորդ փուլին։ Այսինքն, երկու տարբերակ կա՝ նախ, ամբողջ սահմանագծով իրականացնել սահմանագծումն ու անցնել դրա իրագործմանը, երկրորդ, որ կտորների բաժանենք սահմանը և կտոր-կտոր սահմանագծումով գնանք առաջ։ Երկու տարբերակն էլ մեզ համար ընդունելի են, բայց Ադրբեջանը խուսափում է նաև այս տարբերակից։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ սրա համար կարող է լինել մեկ պատճառ․ ռազմական գործողություններ սկսել սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարության քաղաքականությունն է՝ ակտիվ բանակցություններում ներգրավվելու միջոցով հնարավորն անել նման զարգացումները կանխելու համար, միևնույն ժամանակ ամուր կանգնելով ՀՀ բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում։
«Այդ լեգիտիմ շահերն են՝ ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանությունը։ Եւ չեմ կարող չնկատել, որ պաշտոնական Բաքվից վերջին օրերին հնչող մի շարք հայտարարություններ ՀՀ օրենսդրական դաշտի մասին, մեր ինքնիշխանության խախտում են և միջամտություն՝ մեր երկրի ներքին գործերին»,- ընդգծել է նա։
Comments