Զելենսկին գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Պավլյուկին նշանակել է Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Պավլյուկը նշանակվել է ցամաքային զորքերի հրամանատար, հայտնում է РБК-Украина-ն։
Երեկ կառավարության որոշմամբ Պավլյուկն ազատվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
2006 թվականի հուլիսից մինչև 2007 թվականի ապրիլ Պավլյուկը ղեկավարել է ուկրաինական խաղաղապահ զորախումբը Կոսովոյում, իսկ 2010-2015 թվականներին՝ 24-րդ առանձին մեքենայացված բրիգադը։
2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի փետրվարը Պավլյուկը եղել է ցամաքային զորքերի հրամանատարի Ալեքսանդր Սիրսկու տեղակալը, իսկ 2023 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի փետրվարի 10-ը զբաղեցրել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։
Հինգշաբթի օրը Զելենսկին Վալերի Զալուժնիին հեռացրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակել Ալեքսանդր Սիրսկուն, որը նախկինում ղեկավարել է ցամաքային ուժերը։
Comments