Ադրբեջանը խորացնում է տնտեսական կապերը շիական Իրանի և թյուրքախոս Թուրքմենստանի հետ
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը ստորագրել են գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագիր։ Համաձայնագրով նախատեսվում է Թուրքմենստանից Իրանի տարածքով դեպի Ադրբեջան 1,5-2 մլրդ խմ գազ մատակարարել։
Նշենք, որ եռակողմ համաձայնագիրն ամրապնդելու է Իրանի տարանցիկ դերն Ադրբեջանի և Թուրքմենստանի համար: Ադրբեջանա-իրանական հարաբերությունները լարվել էին կապված Սյունիքի նկատմամբ Բաքվի նկրտումների հետ: Իրանը մեծ թվով զորք կենտրոնացրեց իրանա-ադրբեջանական սահմանին: Բաքվից Իրանի նկատմամբ հնչեցին սպառնալիքներ, որ Ադրբեջանը կարող է ոտքի հանել Իրանում բնակվող 30 միլիոն ադրբեջանցիների:
Իրանն էլ իր հերթին սպառնացել էր Ադրբեջանին, որը խորացնում է ռազմական, ռազմա-քաղաքական, տնտեսական կապերն Իրանի թիվ մեկ հակառակորդ Իսրայելի հետ: Այժմ Իրանն ու Ադրբեջանն որոշել են հարթել տարաձայնություններն ու խորացնել տնտեսական կապերը: Ադրբեջանն ու Իրանն իրականացնում են նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը՝ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթգծի տեսքով: Իրանը ցանկանում է պահպանել իր քաղաքական, տնտեսական ազդեցությունն Ադրբեջանում, որտեղ 44-օրյա պատերազմից հետո ուժեղացել են Թուրքիայի և ՌԴ-ի դիրքերը: ՌԴ-ի խաղաղապահները 44-օրյա պատերազմի արդյունքներով տեղակայվեցին Արցախում:
Թուրքմենստանի շահերից է բխում խորացնել տնտեսական կապերը թյուրքախոս Ադրբեջանի, ինչպես նաև հարևան Իրանի հետ: Եռակողմ ֆորմատով համագործակցությունը բխում է երեք երկրների շահերից: Իրանը նոր տնտեսական նախագիծ է իրականացնում իր երկու հարևանների՝Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ, իսկ թուրքմենական գազն իրանական տարածքով դուրս է գալիս ադրբեջանական շուկա: Կասպից ծովի երեք երկրները՝Իրանը, Ադրբեջանն ու Թուրքմենստանը խորացնում են տնտեսական, մասնավորապես էներգետիկ կապերը՝քաղաքական հարցերը հարթելու նպատակով:
Իրականացնելով այդ էներգետիկ նախագիծը Բաքուն ցանկանում է հարթել Իրանի հետ առկա հակասություններն ու մեղմել Թեհրանի քննադատություններն ուղղված թուրք-ադրբեջանական և իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների խորացմանը:
Այսպիսով, Ադրբեջանը խորացնում է կապերը թյուրքախոս Թուրքմենստանի և շիական Իրանի հետ՝նոր տնտեսական նախագծերը տարածաշրջանում ավելի են դյուրացնելու քաղաքական հարցերի կարգավորումը: Նշենք, որ Հայաստանն իր հերթին պետք է նոր տնտեսական օրակարգ առաջարկի Իրանին՝Իրան-Հայաստան էներգետիկ-տրանսպորտային միջանցք ստեղծելու նպատակով:
Արտյոմ Բալասանով
Comments