top of page

Ամիսների իմ բացակայությունը համայնքում բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել. Քաջարանի համայնքապետ


Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը փաստաբանների միջոցով ուղերձ է հղել:


Համայնքապետի ուղերձում ասվում է.


«Ս/թ փետրվարի 7-ին՝ առանց հիմնավոր պատճառաբանության և հիմքերի՝ կրկին կալանավորվեցի։


Ամիսների իմ բացակայությունը համայնքում բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել, որը իմ վերադարձով կարողացա ընթացքի մեջ դնել և բազմաթիվ կիսատ մնացած ծրագրեր կյանքի կոչել։ Այս անսպասելի կալանավորումը կրկին այդ ծրագրերն ու համայնքում իրականացվելիք լայնածավալ աշխատանքների տեմպերին իր հարվածն հասցրեց։


Հարգելիներս՝ վստա՛հ եղեք, շուտով կվերադառնամ և այս անգամ արդեն իր տրամաբանական ավարտին կհասցնենք այդ բոլոր ծրագրերը և իրականություն կդարձնենք նորանոր ծրագրեր՝ ի շահ համայնքի զարգացման։


Կգամ և կշարունակեմ իմ առաքելությունը, որի մանդատը դուք եք տվել ինձ։ Այս ամենը ժամանակավոր խնդիրներ են, որոնք ցանկացած առաջնորդ պետք է պատվով կրի և պատվով էլ դուրս գա այդ փորձություններից։ Մեր համատեղ և միասնական աշխատանքի արդյունքում այս ամիսների բացթողումները հաղթահարելու ենք միասին և ճակատներս պարզ սերունդներին ենք թողնելու այնպիսի համայնք, որի մասին դեռ երկար կխոսվի մեր պատմության մեջ։ Եղեք միասնական և ուժեղ, քանզի այդ միասնությունը ավելի կամրապնդվի իմ ներկայությամբ, որը կլինի շատ շուտով։ Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։


Սա ոգու փորձություն է և այս փորձությունն էլ պատվով կհաղթահարեմ և կշարունակեմ լծվել համայնքի զարգացման կարևոր խնդիրներին։


Առաջիկայում ձեզ կներկայացնեմ համայնքում իրականացվելիք բոլոր ծրագրերը քայլ առ քայլ։


Ուժ և եռանդ բոլորիդ ընտանիքներին՝ եղեք առողջ, միասնական և սպասեք իմ վերադարձին։


Հարգանքով և հպարտությամբ` Քաջարան համայնքի ձեր ղեկավար՝ Մանվել Փարամազյան»։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page