Արցախցի բժշկի մեղադրանքը լրացվել է. դատախազություն
Ինչպես արդեն հաղորդվել էր, 30.09.2021թ. ԱՀ գլխավոր դատախազությունում հարուցված և ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող քրեական գործով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբույժ-պրոկտոլոգը որպես մեղադրյալ էր ներգրավվել խարդախության և կաշառք տալու փորձի դրդչության մի շարք արարքների կատարման համար: Հայտնում են ԱՀ դատախազությունից: Քրեական գործով տարված նախաքննության ընթացքում ի հայտ են բերվել ենթադրյալ հանցագործության նոր դեպքեր, որոնց քննության արդյունքում նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել մեղադրյալին առաջադրված մեղադրանքը լրացնելու մասին:
Որպես մեղադրյալ ներգրավելու մասին նոր որոշման համաձայն՝ հիշյալ բժիշկը 2021 թվականի ընթացքում շահադիտական շարժառիթով գումար հափշտակելու նպատակով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով՝
– Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ժ.Հ-ին հաշմանդամության խումբ որոշելու հարցում աջակցելու կեղծ խոստում տալու և որպես միջնորդ իբր բժշկասոցիալական հանձնաժողովի նախագահ ոմն Կորյունի գումար տալու համար նրանից ստացել ու հափշտակել է 250.000 դրամ գումար,
- Հադրութի շրջանի Թաղասեռ համայնքի տեղահանված բնակչուհի Ռ.Թ-ին և Հադրութ քաղաքի տեղահանված բնակչուհի Մ.Ս-ին «Դավիդյանց» մասնավոր կլինիկայում աշխատանքի տեղավորելու կեղծ խոստումով վերջիններից ստացել ու հափշտակել է, համապատասխանաբար, 360.000 և 350.000 դրամ գումար,
-պլանային վիրահատությունները ժամանակավոր դադարեցված, իսկ անհետաձգելի բուժօգնությունն անվճար լինելու պայմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Մ.Ա-ին ցուցված բժշկական միջամտությունը խաբեությամբ վճարովի ներկայացնելու և ստացված գումարը «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության դրամարկղ մուծելու սուտ հայտարարությամբ նրանից ստացել ու հափշտակել է 70.000 դրամ գումար,
– Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Է.Հ.-ին հաշմանդամության խումբ որոշելու հարցում աջակցելու կեղծ խոստում տալու և որպես միջնորդ իբր բժշկասոցիալական հանձնաժողովի անդամներին գումար տալու համար նրանից ստացել ու հափշտակել է 300.000 դրամ գումար,
– Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքից տեղահանված և ժամանակավոր Կարմիր Շուկա գյուղում բնակվող Ե.Գ.-ին հաշմանդամության խումբ որոշելու հարցում աջակցելու կեղծ խոստում տալու և որպես միջնորդ իբր բժշկասոցիալական հանձնաժողովի անդամներին գումար տալու համար նրանից ստացել ու հափշտակել է 250.000 դրամ գումար,
- Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի բնակիչ Գ.Գ.-ին հաշմանդամության խումբ որոշելու հարցում աջակցելու կեղծ խոստում տալու և որպես միջնորդ իբր բժշկասոցիալական հանձնաժողովի անդամներին գումար տալու համար նրա ամուսնուց ստացել ու հափշտակել է 150.000 դրամ գումար,
– Շուշիի շրջանի Քարին տակ գյուղից տեղահանված Ս.Մ.-ին հաշմանդամության խումբ որոշելու հարցում աջակցելու կեղծ խոստում տալու և որպես միջնորդ իբր բժշկասոցիալական հանձնաժողովի անդամներին գումար տալու համար նրանից ստացել ու հափշտակել է 250.000 դրամ գումար,
– ՀՀ Կապան քաղաքի բնակչուհի Օ.Ա.-ին «Դավիդյանց» մասնավոր կլինիկայում աշխատանքի տեղավորելու կեղծ խոստումով վերջինից ստացել ու հափշտակել է 240.000 դրամ գումար,
– պլանային վիրահատությունները ժամանակավոր դադարեցված, իսկ անհետաձգելի բուժօգնությունն անվճար լինելու պայմաններում վիրահատություն կատարելու և դրա համար Հայաստանի Հանրապետությունից վիրահատական միջոցներ ձեռք բերելու կեղծ պատրվակով Ստեփանակերտ քաղաքի ժամանակավոր բնակիչ Ն.Հ.-ից ստացել ու հափշտակել է 265.000 ՀՀ դրամ գումար,
– ներկայանալով որպես փայտանյութի վաճառքով և դպրոցներին վառելափայտ մատակարարելու գործով զբաղվող անձ, փայտանյութի հերթական խմբաքանակի դիմաց վճարում կատարելու կեղծ պատրվակով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ Յու.Դ.-ից ստացել ու հափշտակել է 280.000 դրամ գումար,
– տեղեկանալով բուժհիմնարկում գլխի վիրահատության կարիք ունեցող անձի առկայության մասին, վիրահատությունը բացառապես Հայաստանի Հանրապետությունից հրավիրված բժշկի կողմից կատարելու հնարավորությունը ներկայացնելուև այդ գործընթացը իր կողմից կազմակերպելու համար 1.300 ԱՄՆ դոլար գումար վճարելու կեղծ առաջարկությամբ դիմել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ.Մ.ին, ով ընդունել է առաջարկը, սակայն պայմանավորված գումարը չի փոխանցել, քանի որ բուժհիմնարկում տեղեկացել է, որ վիրահատությունը կատարում են արցախցի բժիշկները՝ անվճար, ինչպես նաև բացակայում է ՀՀ-ից բժիշկ հրավիրելու անհրաժեշտությունը:
Վերը ներկայացված արարքների կատարման համար ենթադրյալ հանցանքները կատարած անձին քննիչը առաջադրվել է նոր մեղադրանք, մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Comentários