top of page

Իտալական հեռուստաալիքը Արցախյան 44–օրյա պատերազմի մասին ֆիլմ է նկարահանել



Իտալիայի Rai 1 հեռուստաալիքը Արցախյան 44–օրյա պատերազմի մասին ֆիլմ է նկարահանել։


ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Իտալիայի Rai 1 հեռուստաընկերության լրագրող Ստեֆանիա Բատիստինիին, ով ծավալուն ֆիլմ է պատրաստել Արցախյան 44-օրյա պատերազմի մասին, ներկայացրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կատարած վայրագությունները։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում և ֆիլմի նկարահանումից մի փոքր հատված ներկայացրել։

Թաթոյանը նշել է, որ ֆիլմում ցուցադրված են պատերազմի պատճառներն ու հետևանքները։ ՀՀ ՄԻՊ–ը ֆիլմում ներկայացրել է փաստեր` Ադրբեջանի կողմից զանգվածային ոչնչացման զենքերի կիրառման վերաբերյալ։


Նա ֆիլմում ընդգծել է, որ պատերազմական նմանատիպ հանցանքները, դաժանությունները ծնելու են նոր` ավելի ծանր հանցանքներ դրանք կազմակերպողների ու կատարողների անպատժելիության դեպքում։


Թաթոյանը Ստեֆանի Բատիստինիին ցույց է տվել նաև լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչ են արել ադրբեջանցիները հայ զինծառայողների հետ` օգտագործել են ֆոսֆորային զենք, որը տարածվում է մարդու ողջ մարմնով ու քայքայում այն, ինչպես են նրանք ողջ–ողջ գլխատել արցախցի մի տարեց մարդու և այլն։ Լրագրողը տեսանյութերը նայելուց հետո շեշտել է, որ դրանք շատ նման են վերջերս Սիրիայում տեսած` «Իսլամական Պետության» ԴԱԵՇ խմբավորումների կողմից իրականացված գործողություններին։


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նաև ընդգծել է, որ պատերազմից հետ կապված բոլոր զեկույցներն ուղարկվել են Եվրոպայի Խորհուրդ, ՄԱԿ, ԵԱՀԿ, Human Rights Watch։


Նշենք, որ Արման Թաթոյանը մշտապես միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից կատարված վայրագությունների, ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի վրա։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page