Արցախի նկատմամբ ուշադրությունը նվազել է խորհրդարանի և կառավարության մակարդակով. Արթուր Վանեցյան
Մենք պետք է հասկանանք, որ սա Ազգային ժողովի սովորական գումարում չէ: Սա, ցավոք, կապիտուլյացիայից հետո ձևավորված խորհրդարան է: Ընդդիմությունն Ազգային ժողով է եկել մեկ օրակարգով՝ գործող իշխանությանը դուրս շպրտել իր պաշտոններից, որովհետև նրանց իշխանության ամեն օրը սպառնալիք է մեր երկրի ապագայի, անվտանգության, պետության գոյության համար: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ առաջարկել են ստեղծել Արցախի հարցով մշտական հանձնաժողով:
Մեծամասնությունն այդ առաջարկը մերժել է, ինչն անհասկանալի է: Գործող իշխանությունը պետք է օգտվի ընդդիմության նման առաջարկներից ու աշխարհին ցույց տա, որ երկրի ներսում կա Արցախի հարցի կարգավորման պահանջ՝ ըստ այն կարգավորումների, որոնք 30 տարի եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այդ հարցով մեզ պատճառաբանեցին, որ կա Հայաստան-Արցախ միջխորհրդարանական բարեկամական խումբ, և այդ խմբի շրջանակում բոլոր հարցերի պատասխանները կստանանք, բացի այդ, Արցախի հարցը լինելու է մեր գերակայությունը, և Արցախին վերաբերող բոլոր հարցերը քննարկվելու են համապատասխան հանձնաժողովներում: Անցել է 6 ամիս, չենք ունեցել Հայաստան-Արցախ հանձանժողովի գեթ մեկ նիստ, ընդհակառակը, տեսել ենք, որ Արցախի նկատմամբ ուշադրությունը ոչ միայն խորհրդարանի, այլև ողջ կառավարության մակարդակով նվազել է: Արցախ մեկնելը ադրբեջանցիները մշտապես շահարկում են, ասում են, որ Հայաստանի իշխանությունն իրավունք չունի մեկնել Արցախ, և մեր իշխանությունը որևէ կերպ չի հակադարձում ադրբեջանցիների այդ հոխորտանքներին: Մեր հաջորդ նախաձեռնությունը վերաբերել է զինծառայողներին, նրանց արտոնություններ տալուն: «
Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որ զինծառայողները բուժհաստատություններում սպասարկվեն արտահերթ, որովհետև, եթե զինվորականը հեռավոր տեղերից գալիս է Երևան, նրան հերթագրում են, և այդ հերթերը շատ երկար են տևում: Այդ նախաձեռնությունը ևս մերժվեց, բայց եղավ զարհուրելի մի փաստ: Մի քանի օր հետո նույն ճշգրտությամբ այդ նախաձեռնությամբ հանդեղ եկավ իշխող խմբակցությունից Հայկ Սարգսյանը, ինչը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում հավանության արժանացավ:
Comments