Այդպես չեն անում իշխանափոխություն և այդպես չեն արտահայտում անհնազանդություն․ Հովիկ Աղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Հայաստանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում Ղազախստան 70 խաղաղապահ ուղարկելու որոշմանը դրական է վերաբերում։
«Ես գտնում եմ, որ Հայաստանում 2018թ-ին տեղի ունեցածն ու այսօր Ղազախստանում տեղի ունեցող գործընթացների միջև պետք չէ զուգահեռներ անցկացնել, քանի որ մենք ՀԱՊԿ անդամ ենք և ունենք որոշակի պարտավորություններ և, հետևաբար, պետք է հավատարիմ մնանք այդ պարտավորությունների կատարմանը»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը։
Դիտարկմանը՝ արդյոք սա այլ երկրի ներքին գործերին խառնվել չէ և, ի վերջո, 2018թ-ին էլ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը ևս իշխանության եկավ փողոցային պայքարի արդյունքում, իսկ այսօր մեր իշխանությունները փորձում են ճնշել քաղաքացիների ազատ կամքի արտահայտումը Ղազախստանում՝ Աղազարյանը արձագանքեց․
«Հայաստանը չի խառնվում ներքին գործերին և ՀԱՊԿ-ն էլ չի խառնվում ներքին գործերին, ՀԱՊԿ-ի առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի օգնի Ղազախստանի կառավարությանը ստրատեգիական նշանակություն ունեցող պետական օբյեկտների պահպանության խնդրում։ Երբ զուգահեռ ենք անցկացնում Հայաստանի ու Ղազախստանի միջև, Ղազախստանում արդեն ցավոք սրտի զոհեր կան, և հետևաբար, այդպես չեն անում իշխանափոխություն և այդպես չեն արտահայտում անհնազանդություն։ Անհնազանդությունը արտահայտում են հավաքվելով օրենքով սահմանված կարգով, հրապարակներում, ցույց են տալիս համընդհանուր միասնականություն, ինչին պետք է յուրաքանչյուր նորմալ իշխանություն արձագանքի ադեկվատ կերպով, իսկ այն, ինչ տեղի է ունենում Ղազախստանում, դուրս է շատ շրջանակներից»։
Հարցին՝ արդյոք Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները ևս շենքեր չէին գրավել՝ օրինակ Հանրային ռադիոյի շենքը՝ պատգամավորը նշեց․
«Միայն ռադիոյի շենքը չենք գրավել, մենք նաև գրավել ենք ԵՊՀ-ն։ Մենք մտել ենք Հանրային ռադիոյի շենք, ես այնտեղ եմ եղել, 5 րոպե մնացել ենք որպես ակցիա և դուրս ենք եկել։ Տեղի է ունեցել գույքի հետ կապված խնդիր, որը ապացուցել է այդ ժամանակվա շինարարների անորակ աշխատանքը, թե ոնց կարող էր դուռն այդպես դուրս թռնել, դա եղել է, վնասները հատուցվել են»։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք մինչ խաղաղապահներ ուղարկելը քաղաքական թիմի հետ քննարկում եղել է՝ Աղազարյանը նշեց, որ ինքը ՔՊ վարչության անդամ չէ և դրա հետ կապված տեղեկություններ էլ չունի․
«Կարծում եմ, պետք է քննարկված լինի, բայց տեղեկություն չունեմ»։
Արմինե Նավոյան
Comments