top of page

Քաղաքացիներն Ամանորի սեղանի համար 10-15% ավելի կվճարեն, քան նախորդ տարի. Բաբկեն Պիպոյան



Այս տարի Ամանոր սեղան պատրաստելու համար, հաշվի առնելով թանկացումները, քաղաքացիները սեղանի նույն պարունակության համար 10–15 տոկոս ավելի կվճարեն, քան նախորդ տարի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով թանկացումների ազդեցությանը։


Ինչ վերաբերում է Ամանորի համար արվող ծախսին, նա ասաց, որ դա շատ տարբեր է, քանի որ մարդ կա պատրաստություն տեսնում է 20 հոգու համար, մարդկ կա՝ 40 կամ ավելի։ «Միջինացված ցուցանիշ չի կարելի ասել, քանի որ մարդ կա 200 հազար դրամի է անում, կամ մարդ կա 1000 դոլարը չի հերիքում»,–ասաց նա։


Անդրադառնալով այս տարվա առևտրին՝ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ կան խոշոր ցանցեր, որտեղ կարող է թվալ, որ նույնիսկ ավելի ծանրաբեռնված է, քան նախորդ տարի, սակայն փոքր բակային խանութներում առևտրի տեմպը նվազել է։


Նա նկատեց, որ 2021 թվականը հետպատերազմյան իրավիճակ էր և մարդիկ Ամանորի տրամադրություն չունեին, զոհերի հարազատները գիտեին, որ իրենց տուն ոչ թե շնորհավորելու, այլ ցավակցելու են գալու։ Ըստ նրա՝ դրա համար ճիշտ չէ համեմատականներ անցկացնելը նախորդ տարվա հետ։


«Այս Նոր տարին պետք է համեմատենք երկու տարի առաջվա հետ, թեև լարված տարի է եղել, և մարդիկ հունվարի 3-ից արդեն աշխատանքի են, տարվա ընթացքում ունեցել ենք աննախադեպ առևտուր։ Սակայն, եթե նախորդ տարի խանութն արել է, պայմանական ասած, 1 միլիոնի առևտուր, այս տարի էլ է անում, դա նշանակում է, որ ավելի քիչ է արել, քանի որ միայն գնաճի ֆոնը հաշվի առնելով՝ պետք է աներ 1 մլն 150 հազարի առևտուր»,– ասաց նա։


Ինչ վերաբերում է հյուրանոցային գներին, ապա Բաբկեն Պիպոյանն ասաց․«Մի կողմից մեր հյուրանոցներում բարձր գներ են, բայց մյուս կողմից քովիդով պայմանավորված մի շարք երկրներ անհետաքրքիր է գնալը և Ամանորը դիմավորելը։ Նաև հունվարի 3-ից աշխատելու հետևանքով մեր հայրենակիցների մի ստվար զանգված, որը նախընտրում էր Ամանորը դուրսը դիմավորել, սկսել է անցկացնել Հայաստանում։


«Սա, թերևս, այն քիչ դեպքերից է, որ պահանջարկ-առաջարկ տրամաբանական կանոնը ինքը իրենով պետք է գործի։ Գերիշխող դիրք չկա, և շուկան, ելնելով պահանջարկից և առաջարկից, ձևավորում է իր գները։ Այո՛, թանկ է, բայց հավաստիացնում եմ, որ բոլոր նրանք, ովքեր վճարում են, նրանց համար թանկ չէ։ Սոցիալապես անապահով խավի համար այն անհասկանալի թանկ է, միջին խավը, որը մեզ մոտ շատ քիչ է, իր համար կլինի թանկ, իսկ հարուստ խավի համար դա թանկ չէ»,– ասաց նա։


Անդրադառնալով իրար տուն գնալու սովորությանը՝ ՀԿ նախագահն ասաց, որ ինչ–որ ավանդույթներ կան, որոնք պետք է պահպանվեն։ «Պետք չէ մրցավազքի վերածել սեղանի պարունակությունը, պետք չէ որկրամոլության վերածել, սակայն մինչ այսօր մենք մեր տրադիցիաների հաշվին կանք, և այդ մի քանի օրն է, որ մարդիկ հարազատներով իրար տուն են գնում և ցանկանում են իրար հյուրասիրելու բան ունենալ»,–ասաց նա։


Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page