top of page

Դատական իշխանության անկախության ապահովումը յուրաքանչյուրիս պարտականությունն է․ «Հայրենիք»



«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դատական իշխանության անկախության ապահովումը բոլորիս և յուրաքանչյուրիս պարտականությունն է․


Այս օրերին իշխանության լկտի և հակաօրինական քայլերը՝ միտված դատական իշխանության վերջնական ոչնչացմանը, հասել են աննախադեպ ծավալների:


Օրեր առաջ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելուց անմիջապես հետո Գլխավոր դատախազը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին որոշումը կայացրած դատավոր Բորիս Բախշյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և վերջինիս կալանավորելու միջնորդությամբ:


ԲԴԽ-ն, հնազանդվելով իշխանության հիվանդագին և կործանարար քմահաճույքներին՝ բավարարել է Գլխավոր դատախազի միջնորդությունը: Այս հարցով իր մտահոգությունը հրապարակային կերպով արդեն իսկ հնչեցրել է Դատավորների միությունը:


Այսօր արդեն Վարչական դատարանի դատավորները հայտարարություն են տարածել՝ Դանիել Դանիելյանի նկատմամբ Արդարադատության նախարարի հերթական տխրահռչակ կարգապահական վարույթի հարուցումը որակելով որպես ճնշման փորձ:


Կարգապահական վարույթը հարուցվել է Վանաձոր համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը մերժելու մասին որոշումը կայացնելուց հետո, նույն կուսակցության նախագահի, արդեն սովորական դարձած իշխանահաճո դիմումի հիման վրա: Այսպես կոչված, «առիթն» այն է, որ եզրափակիչ դատական ակտը նիստում հնչեցվել է, ոչ թե նախագահող դատավոր Դանիել Դանիելյանի, այլ՝ կոլեգիալ դատական կազմում ընդգրկված մեկ այլ դատավորի կողմից:


Նկարագրվածը պետության հիմքերը խարխլող պատուհաս իշխանությունների կողմից դատական իշխանության նկատմամբ իրականացվող հարձակումների և իրավական ամենաթողության մի փոքր մասն է կազմում:


Արձանագրում ենք, որ քաղաքական մեծամասնության կողմից դատական իշխանության անկախության կազմաքանդման ծրագրի վերջնական իրագործումը հանգեցնելու է երկրի ներքին կայունության, իրավական անվտանգության խաթարմանը, և որպես հետևանք՝ Հայաստանի «ադրբեջանացմանը», ինչն էլ կունենա անդառնալի հետևանքներ:


Դատական իշխանությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, Հայաստանի՝ որպես ժողովրդավարական և իրավական պետության վերջին ինստիտուցիոնալ հենարանն է:


ՀՀ դատական իշխանության անկախության պաշտպանությունը երկրի ներքին անվտագության ապահովման գործում բացարձակ առաջնահերթություն է:


Անկախ քաղաքական հայացքներից կամ այլ տարբերություններից, դատական իշխանության անկախության ապահովումը, այն էլ իրավական պետության բացակայության պայմաններում՝ բոլորիս և յուրաքանչյուրիս պարտականությունն է:


Հաշվի առնելով վերոնշյալը, կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական և հասարակական ուժերին լծվել դատական իշխանությանը և դատավորներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործին, դատական իշխանության մարմիններին, դատավորներին` անմասն չմնալ իրենց գործընկերների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելուց:


Միջազգային կառույցներից պահանջում ենք իրենց տրված մանդատներին համապատասխան արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության տապալման աղաղակող փաստերին:


Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page