Երեկվա խուլիգանությունը նախապես ծրագրված է եղել և հրահանգված այլ շենքից․ Օհանյան
Երեկ ԱԺ շենքում տեղի է ունեցել խմբակային խուլիգանություն և, հերթական անգամ, դրան մասնակցել են խորհրդարանական մեծամասնության պատգամավորները։ Այդ մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ իշխանականները ճղճիմ և տմարդի ձևով փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել։
«Հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել նրանց վրա։ Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել այս շենքում անվտանգություն ապահովող ՊՊԾ-ն։ Սա հուշում է՝ խուլիգանությունը եղել է ծրագրված և այլ շենքից հրահանգված»,- նկատեց Օհանյանը։
Խմբակցության ղեկավարը նկատեց՝ եթե իշխող ուժն ուզում է խուլիգանապետություն ստեղծել, ապա ճիշտ ճանապարհին է։
Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ եթե նման քայլերով իշխանությունն ուզում է շեղել հանրության ուշադրությունը Սյունիքից, գերիների վերաբերյալ արված խայտառակ հայտարարությունից, ապա չի հաջողվելու։
Բացի այդ, նա նշեց, որ երեկվա դեպքը չի մոռացվելու, և իրենք սպասում են իշխանության արձագանքին։
Comments