top of page

Ո՞վ է «Գոյի» նորանշանակ տնօրենը, որը համաձայնվեց ստորագրել թատրոնի լուծարումը


Վերջին օրերին աղմկահարույց քննարկումների կիզակետում է հայտնվել «Գոյ» թատրոնի նորանշանակ տնօրենը՝ Կարեն Սիմոնյանը։ Նրան շատերը ճանաչում են «Կյանքի կառուսել» հեռուստանախագծից, որը երկար տարիներ հեռարձակվում էր հեռուստատեսությամբ։ 


Միտում չունենալով ստվերելու Կարեն Սիմոնյանի դերասանական վաստակը՝ արձանագրենք մի  հատկանշական փաստ, որ նրա դերասանական կարիերայի պիկն այս պահին այդ հեռուստանախագիծն է։

Նրա թատերական և դերասանական գործունեության վերաբերյալ որոնման հարթակներում գրեթե ոչինչ չկա բացի նրանից, որ մատուցում է որակյալ հանդիսավարական ծառայություններ, ինչի արժեքն էլ կազմում է +/- 250000 ՀՀ դրամ։ Գնի վերաբերյալ 24News-ը կապվել էր հանդիսավարական ծառայություններ իրականացնող ընկերության հետ, որի հետ էլ և համագործակցում է Սիմոնյանը։ Ստացվում է, որ «Գոյ» թատրոնի տնօրեն է նշանակվել մարդ, որն ավելի շատ զբաղվածություն ունի հանդիսությունների վարման ոլորտում, քան՝ թատերական։

24News-ը փորձեց կապ հաստատել դերասան Կարեն Սիմոնյանի հետ, սակայն վերջինս մեր բազմաթիվ զանգեր թողեց անպատասխան։ Մենք կապ հաստատեցինք նաև Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն, որտեղ և որպես դերասան աշխատում է Կարեն Սիմոնյանը, բայց արդեն ոչ լրիվ աշխատանքային դրույքով։

Թատրոնի տնօրեն Կարո Նաղդալյանը նշեց, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Կարեն Սիմոնյանից դիմում է ստացել, որ այսուհետ վարչական պաշտոն է զբաղեցնելու և չի կարողանա լրիվ աշխատանքային դրույքով աշխատել թատրոնում՝ օրենքը թույլ չի տալիս։

Տնօրենի խոսքով, մինչ այդ Կարեն Սիմոնյանը ներգրավվածություն ունեցել է թատրոնի աշխատանքներում՝ մարմնավորել է մի քանի կերպարների։ Նա դժվարացավ հիշել, թե թվով քանի դեր է թատրոնում ունեցել դերասանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանն ազատվել էր աշխատանքից, և նրա փոխարեն էր տնօրեն նշանակվել Կարեն Սիմոնյանը, որն էլ և ստորագրեց կառավարության որոշումը, որով «Գոյ» թատրոնը միավորվում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ 

Նշենք, որ մեկ այլ որոշմամբ երեկ Կարեն Սիմոնյանը դադարեցրել է թատրոնի աշխատակիցների փաստաբան Կարո Ասատրյանի լիազորությունները, քանի որ նա կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page