Հայաստան-ՌԴ-Իրան դաշինքը կանխելու է Մեծ Թուրանի ստեղծումը
Հայաստանը հետաքրքրված է ռուսական նորագույն К-52М (Супераллигатор) և Ми-28НЭ (Ночной охотник) հարվածային ուղղաթիռների ձեռքբերմամբ: Այս մասին ասել է «Вертолеты России» ընկերության ղեկավար Անդրեյ Բոգինսկին։
Հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի կողմից սադրանքները շարունակվում են՝զոհվում են հայ զինվորականներ, Ադրբեջանն ամեն գնով ցանկանում է տարածքային զիջումներ կորզել ՀՀ-ից՝անկլավների և Զանգեզուրյան միջանցքի հարցում: Թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական ճնշումներն ու ագրեսիան Հայաստանի ու Արցախի նկատմամբ շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ զինված ուժերը չեն հզորացել և տվել համարժեք պատասխան Բաքվի քայլերին:
Հայաստանը պետք է հենվելով ռուսական ռազմա-տեխնիկական աջակցության վրա՝արդիականացնի բանակը՝դա պետք է տեղի ունենա շատ սեղմ ժամկետներում, քանի որ Ադրբեջանը չի պատրաստվում ժամանակ տրամադրել ՀՀ-ին՝ոտքի կանգնելու համար:
Հայաստանի կողմից ռուսական ուղղաթիռներ ձեռք բերելու ցանկությունը լավ ազդակ է՝ՀՀ պետք է ունենա արդի, մոբիլ, ցանկացած տեղանքում ռազմական խնդիրներ լուծող բանակ: Ադրբեջանը շարունակում է գնել արդի զինատեսակներ՝Իսրայելից, Թուրքիայից, այլ երկրներից, պատրաստվում է նոր՝լայնածավալ պատերազմի՝Հայաստանի ու Արցախի դեմ: Այս օրերին Նախիջևանի հատուկ նշանակության ջոկատները մարտավարական զորավարժություններ են անցկացրել, որոնց հետևել են նաև Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները:
Ադրբեջանական բանակը դարձել է Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը՝կովկասյան ճակատում: Ադրբեջանական բանակը՝մինի թուրքական բանակի է վերածվում՝դրանից պետք է դաս քաղեն և հետևություններ անեն նաև ՌԴ-ն և Իրանը:
Հայաստանի շուրջ ռազմա-քաղաքական իրավիճակը շարունակելու է մնալ լարված՝թուրք-ադրբեջանական տանդեմը սադրիչ գործողություններ է ձեռնարկելու հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով՝Գեղարքունիք, Սյունիք, Տավուշ, ինչպես նաև թեժացնելու է իրավիճակն Արցախում՝ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու և Հայաստանում հակառուսական տրամադրություններ բարձրացնելու համար:
Թուրքիա-Ադրբեջան ռազմա-քաղաքական տանդեմին Հայաստանը պետք է հակադրի ՌԴ-Հայաստան-Իրան ռազմա-քաղաքական դաշինքը: Թուրքիան տարածքային նկրտումներ ունի ՌԴ-ի և Իրանի թյուրքախոս շրջանների նկատմամբ և ուժեղացնելով Հայաստանն ու հայոց բանակը՝Իրանն ու ՌԴ-ն կկարողանան ստեղծել հակաթուրքական պատնեշ՝Մեծ Թուրանի կյանքի կոչումը խաթարելու համար: Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակելու է ընդլայնել իր ռազմա-քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական ներկայությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝դրա համար ստեղծելով էներգետիկ-տրանսպորտային, քաղաքական հարթակներ:
Արտյոմ Բալասանով
Comentários