Հայկական բանակը պետք է ադեկվատ արձագանքի Բաքվի սադրանքներին
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ իրավիճակը այդ տարածաշրջանում դեռեւս մինչեւ վերջ չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար մեծ պահանջարկ ունեն ռուսական խաղաղապահ զորախմբի ջանքերը՝ որպես հրադադարի եւ խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր։ Անկասկած, մեծանում է ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վիճելի հարցերը կարգավորելու, Անդրկովկասում տնտեսական կապերը վերականգնելու եւ կարեւոր տրանսպորտային միջանցքները ապաշրջափակելու ջանքերի շարունակման գործում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը հստակ մեսիջ է հղում թուրք-ադրբեջանական տանդեմին առ այն, որ Անկարայի և Բաքվի սադրանքներն ընդդեմ Հայաստանի անպատասխան չեն մնա և ռուսական ռազմական միջամտության արդյունքում թուրք-ադրբեջանական տանդեմին չի հաջողվի փոխել Հայաստանի այսօրվա սահմանները:
Դրան զուգահեռ, Պուտինն ընդգծում է, որ Անդրկովկասը՝ ռուսական կենսական շահերի գոտի է և առանց Մոսկվայի կանաչ լույսի Անդրկովկասում խաղաղություն չի հաստատվելու: Այդ մեսիջն ուղղված է Արևմուտքին, որը ցանկանում է թուրքական էքսպանսիայի միջոցով դուրս մղել ՌԴ-ին Հարավային Կովկասից՝հակառուսական տրամադրություններ հրահրելով Հայաստանում:
ՌԴ-ի համար կարևոր է Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը՝ Սյունիքում ռուսական զորքերի տեղակայումը թույլ չտվեց թուրք-ադրբեջանական տանդեմին գրավել ողջ Սյունիքը դեռևս նախորդ տարի: Դրան զուգահեռ, 102-րդ ռազմաբազայի առկայությունը թույլ է տալիս զսպել թուրքերի ախորժակն ու զերծ պահել Անկարային՝ Հայաստանի դեմ որևէ ռազմական գործողություններից:
ՌԴ-ն իրականացնում է Հայաստանի հանդեպ իր պարտականությունները: Նշենք, որ առաջին հերթին Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը պետք է հակահարված տա ադրբեջանական զինուժին՝ պաշտպանի սահմանները, դիրքերն ու թույլ չտա հայ զինվորների գերեվարումներ: Այս պարագայում ՌԴ-ն կարող է միայն ռազմական, ռազմա-տեխնիկական աջակցություն ցուցաբերել՝ նոր զինատեսակներ ուղարկելով Հայաստանին: Հայկական զինված ուժերն իրենք պետք է հակահարված տան ադրբեջանական զորքերին՝ռուսական զորքերը չեն կրակելու թուրք-ադրբեջանական զորքերի ուղղությամբ՝ դա հանգեցնելու է ՆԱՏՕ-ՌԴ պատերազմի և ռուս-թուրքական լայնածավալ ռազմական գործողությունների:
ՌԴ-ն զսպող գործոն է թուրք-ադրբեջանական տանդեմի համար՝ նրանք զգուշանալով ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայությունից լայնածավալ պատերազմ չեն սկսում Հայաստանի դեմ, սակայն մանր ռազմական սադրանքներն ու սահմանային միջադեպերը կրելու են շարունակական բնույթ: Բաքուն ցանկանում է ստանալ Զանգեզուրի միջանցքը՝ այդ ուղղությամբ ձեռնարկելով ռազմական, քաղաքական ճնշման տարբեր գործողություններ: Հայկական բանակը պետք է ադեկվատ կերպով արձագանքի ադրբեջանական սադրանքներին, իսկ ՀՀ դիվանագիտությունը պետք է ավելի ակտիվ լինի Մինսկի խմբի շրջանակներում՝ պահանջելով գերտերություններից զսպել ադրբեջանական սադրանքները: Ռազմական ներուժի վերականգնումը միայն թույլ կտա Հայաստանին պաշտպանելու սեփական սահմանները:
Արտյոմ Բալասանով
Comments