Հեղափոխությունը խժռում է իր զավակներին. Փաշինյանն անցնում է Ռուբիկոնը
Հայկ Մարությանին հեռացրեցին Երևանի քաղաքապետի պաշտոնից։ Կանխատեսելի մի գործընթաց էր, հատկապես այն բանից հետո, երբ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը Երևանի արդեն նախկին քաղաքապետին նետեց «նախկինների» գիրկը։ Իհարկե, հոդվածը որևէ փաստական հիմք չուներ, բայց բացահայտում էր Նիկոլ Փաշինյանի հրահանգը՝ Հայկը պետք է հեռանա։ Մարությանը իր պաշտոնանկությունը համարում է անարգանք ժողովրդավարության հանդեպ, ու նա, մեծ հաշվով, ճիշտ է, որովհետև «քաղաքական խզման» հետևանքով պաշտոնակ արված քաղաքապետի փոխարեն նոր քաղաքապետ է ընտրում մի ֆրակցիա, որը վաղուց «քաղաքական խզման» մեջ է՝ այն իմաստով, որ «Իմ քայլ» դաշինք վաղուց գոյություն չունի։
Մյուս կողմից, Մարությանը դարձավ իր իսկ մասնակցությամբ գործի դրված թակարդի գերին, որովհետև երբ երեք տարի առաջ Փաշինյանի «պասով» գեներացնում էր «սևեր-սպիտակների» հակադրության արհեստական թեզը, պետք է պատկերացներ, որ օգնել է գործի դնել ռեպրեսիվ հրեշավոր մի մեքենա, որն «օտարներին» խժռելուց հետո անցնելու է յուրայիններին՝ «հեղափոխության զավակներին»։
Քաղաքային իշխանության տոտալ ճգնաժամ է, որը չի հանգուցալուծվելու քաղաքապետի մեխանիկական ընտրություններով․ երևանցուն նոր ընտրություններ են պետք։
Բայց Փաշինյանին այս հանգուցալուծումը պետք չէ, նրան պետք է անդեմ մի փոխանորդ, քաղաքային իշխանության ուրվական։
Նույնիսկ ԱԺ արտահերթ ընտրությունների պաշտոնական արդյունքները բացահայտում են, որ ՔՊ-ն Երևանում մեծամասնություն չունի, այլ խոսքով՝ ընդդիմության կոնսոլիդացված թեկնածուն հեշտությամբ հաղթելու է Փաշինյանի որևէ դրածոյի։
Մյուս կողմից, Փաշինյանի խնդիրը ժողովրդավարության պաշտպանությունը չէ, այլ մոլուցքը՝ տոտալ վերահսկողություն հաստատել ՏԻՄ-երի նկատմամբ։
Հայկի բախտը չբերեց։ Եթե Փաշինյանը ՏԻՄ վերջին ընտրություններում խայտառակ պարտություն չկրեր գրեթե բոլոր մեծ քաղաքներում, Մարությանը գուցե իներցիայով պաշտոնավարեր։ Բայց ՏԻՄ վերջին ընտրություններն ահազանգ էին, այսպես ասած, հասունացող քաղաքային հեղափոխության մասին։
Գյումրիում հասարակությունը պարտվեց, որովհետև ընտրություն կատարեց ընդդիմադիր տրամադրություններով, բայց ԱԱԾ բիրտ միջամտության հետևանքով ստացավ ՔՊ-ական իշխանություն։
Վանաձորում Մամիկոն Ասլանյանը չուզեցավ դառնալ «հեղափոխական» «դմփ-դմփ-հուի» «դամ պահողը» ու ձգտում էր երկրի երրորդ քաղաքում ձևավորել հասարակության տրամադրություններին համահունչ տեղական կոալիցիոն իշխանություն, որը փաստորեն ընդդիմադիր էր լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ասլանյանը կալանավորվեց, բայց խեղճանալու փոխարեն՝ արժանապատվության ձեռնոց նետեց իշխանությանը։
Փաշինյանի խնդիրը պարզ է՝ մոնոպոլացնել ՏԻՄ համակարգը ու կանխել հասունացող քաղաքային հեղափոխությունը։ Այս կոմբինացիայում զոհաբերվեց Գյումրիի հասարակության ընտրությունը, կալանավորվեց Մամիկոն Ասլանյանը, հեղափոխությունը ուրացավ իր «զավակներից» մեկին։
Փաշինյանն անցնում է Ռուբիկոնը, որից անդին ձևական ժողովրդավարությանը փոխարինելու է գալիս անձնակենտրոն ավտորիտարիզմը։ Ժամանակացույցը միացված է, որի վերջին արարում առերեսվելու են հասարակությունն ու Փաշինյանը՝ վերջինիս մերժման անխուսափելի հանգրվանով։
Comments