Ինչո՞ւ Հայաստանի հասարակությունը չի ընդվզում
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Նախօրեին Ուկրաինան հայտնվել է միջազգային լրահոսի էպիկենտրոնում ու ոչ միայն այն պատճառով, որ այս երկրի շուրջ միջազգային ճգնաժամը հասել է պիկին՝ լայնածավալ պատերազմի վերաճելու իրական ռիսկերով։ Այս անգամ պատճառը՝ սոցիալական ընդգրկուն ընդվզումն էր․ Կիևի կենտրոնում ցույցի էին դուրս եկել միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք բողոքում էին համատարած գնաճից, ինչի հետևանքով մարդիկ կորցնում են իրենց եկամուտները, աշխատատեղերը, մի խոսքով՝ հազարավորների կյանքը դարձել է անտանելի։
Մի պահ ցուցարարները փորձեցին անգամ գրավել Ուկրաինայի Ռադայի շենքը ու միայն ոստիկանության կոշտ հակազդեցությունը հանդարտեցրեց իրավիճակը։
Ու այս ամենը տեղի է ունենում Ուկրաինայում, որը գտնվում է պատերազմից «5 րոպե պակաս» ռեժիմում։
Նույն խնդիրները՝ գուցե ավելի ընդգծված, կան Հայաստանում, որտեղ սոցիալական պայթյունի բոլոր նախադրյալները կան, սակայն մեր երկրում զարմանալի «կայունություն» է։
Ինչո՞ւ Հայաստանի հասարակությունը չի ընդվզում։
Պատճառները մի քանիսն են։
Նախկինում սոցիալական շարժումները կազմակերպում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնցից շատերը 2018-ից հետո դարձան իշխանության մաս կամ լոյալ են կառավարությանը։ Սոցիալական «բունտերը» չունեն կազմակերպիչներ։ Օբյեկտիվորեն ընդունենք, որ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն՝ իր կառուցվածքով ու բովանդակությամբ, այսպես ասած՝ «սոցիալական» չէ ու այդ օրակարգով չի կարող մարդկանց փողոց հանել։
Երկրորդ պատճառը մարդկանց հոգնածությունն է պատերազմից, անկայունությունից, համավարակից, կարճ ասած՝ դեպրեսիան, որի հաղթահարման համար ժամանակ է պետք։ Եվ վերջապես՝ փոխվել է մեր հասարակության կառուցվածքը։
Անցած երկու- երեք տասնամյակներում հասարակության ինդենտիֆիկացված հատվածը՝ միջին խավը, հիմնականում հեռացել է երկրից, իսկ մյուս խավերն ինքնակազմակերպվելու, առավել ևս՝ շարժումներ գեներացնելու պոտենցիալ չունեն։
Իհարկե, ասվածը չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ապահովագրված է հուզումներից։
Ամենևին՝ ոչ, դրանք անխուսափելիորեն լինելու են ու գուցե՝ ավելի արմատական դրսևորումներով, ինչը բնորոշ է շարժումներին, որոնք չունեն կոնկրետ կազմակերպիչներ և, ըստ էության, տարերային են։
Comments