Հնարավորության դեպքում Ալիևը խոսքից կանցնի գործի. Այվազյան
Ադրբեջանն ուշի ուշով հետևում է մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ օրեր առաջ արած հայտարարությանը։
«Ալիևը պահանջեց անհապաղ բացել այսպես կոչված «միջանցքները»՝ սպառնալով, հակառակ պարագայում, ուժով բացել դրանք։»,- ներկայացրեց զրուցակիցը:
Հարցին՝ Ալիևի վարքագիծն արդյոք իր հասարակությանը լռեցնելու դիվանագիտական քայլ է, Այվազյանն արձագանքեց․
«Այո, այդ հայտարարությունները ներքին լսարանի համար են, բայց մյուս կողմից, եթե հնարավորություն լինի, Ալիևը խոսքից կանցնի գործի։ Պետք է ուշադրություն դարձնել, որ Ալիևը նաև հայտարարեց՝ իրենք արդեն վերջնականապես մտել են Արցախ և Զանգեզուր»։
Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության այն հատվածին, որում ՌԴ-ն բնութագրվում է անվտանգության ոլորտում որպես ՀՀ հիմնական գործընկեր՝ Այվազյանը նկատեց՝
«Ռուսաստանի Դաշնության աչքից, իհարկե, չեն վրիպի Հայաստանի կողմից հնչեցված նման արտահայտությունները: Երբ ՀՀ-ից հայտնում են, որ կարող են լինել այլ դաշնակիցներ ևս, ՀՀ-ն պետք է սպասեր նրան, ինչ եղավ եռակողմ հանդիպմանը, երբ Պուտինը արեց ադրբեջանահաճո արտահայտություն՝ «տրանսպորտային միջանցքների» վերաբերյալ»։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թվականի դեկտեմբերի 6-ին բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Հայաստանին ուղղված պահանջներով՝ Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու վերաբերյալ:
Մերի Գևորգյան
Opmerkingen