Դիլետանտիզմի «հրավառություն»
ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան։ Այս նշանակման մասին վաղուց էր գրվում, խոսվում, թեմային վերաբերյալ ինֆորմացիոն հոսքերը հուշում էին, որ ռուսական իշխանության որոշակի շրջանակներ, նույնիսկ Հայաստանի ԱԳՆ-ում ընդդիմանում են «ռեստորանային գեներալի» նշանակմանը։ Հարությունյանն, այնուամենայնիվ, նշանակվեց՝ ունենալով դիվանագիտական աշխատանքի զրո փորձ։
Հայաստանի համար կարևոր երկու երկրներում՝ ԱՄՆ-ում և Ռուսաստանում այլևս ունենք դեսպաններ, որոնք չեն ներկայացնում դիվանագիտական կորպուսը․ Մակունցն ու Հարությունյանն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներ են ու Հայաստանի փաստացի վարչապետը չի էլ թաքցնում, որ լուծում է իր թիմակիցներին կոմֆորտ աշխատանքով ապահովելու խնդիր։ Դիլետանտիզմի «հրավառություն» է, որի պարագայում նույնիսկ անիմաստ է խոսել արդյունավետ արտաքին քաղաքականության մասին։ Փաշինյանը մտածված կոտրում է դիվանագիտական կորպուսի ողնաշարը, ինչի մասին Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան գրեթե բաց տեքստով հայտարարեց ֆեյսբուքյան վերջին ասուլիսի ընթացքում։
Հարությունյանի պարագայում գործ ունենք մեկ այլ հանգամանքի հետ նույնպես։ Նա երկու անգամ՝ 1999-2000թթ-ին ու 44-օրյա պատերազմից հետո, կարճատև զբաղեցրել է Հայաստանի ՊՆ նախարարի պաշտոնը ու երկու դեպքում էլ լուզեր պաշտոնյայի համբավ ունի։ Վաղարշակ Հարությունյանը բնավորության մի գիծ ունի, որն արտահայտվել է նրա կենսագրության ողջ շրջանում․ նա անընդհատ թմբկահարել է իր՝ Ռուսաստանի «մարդ» լինելու հանգամանքը, ինչը ոչ միայն վիրավորական է ինքնիշխան երկրի գործչի համար, էլ չասենք, որ անհարգալից վերաբերմունք է նաև Ռուսաստանի հանդեպ։ Մակունցի նշանակմամբ՝ շեշտակիորեն իջեցվեց հայ-ամերիկյան հարաբերությունների նշաձողը, Հարությունյանի դեսպանությունը նույն վտանգն է ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար։
Վաշինգտոնում և Մոսկվայում դիվանագիտորեն կլռեն, սակայն Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը կձևավորեն իրենց երկրներում նշանակված դեսպանների կշռով, դիլետանտիզմով։ Եթե մեր երկիրը չի ուզում որակյալ արտաքին քաղաքականություն վարել, ապա կորցնում է սուբյեկտայնությունը ու դառնում է այլ երկրների հարաբերությունների օբյեկտ։
Վահրամ Բագրատյան
Comments