ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել «Հայրենիք» կուսակցության հետ. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել իրական ընդդիմադիր ուժերի հետ՝ համայնքներում իշխանություն ձևավորելու համար, բանակցություններ են ընթանում դրա վերաբերյալ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրության արդյունքներին՝ Սաղաթելյանն ասաց, որ ընդհանուր առմամբ նորմալ են գնահատում ընտրության արդյունքները, սակայն որոշ համայնքներում ավելի մեծ ակնկալիքներ ունեին:
Նշենք, որ ընտրության արդյունքներով՝ դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրության արդյունքներով՝ ՀՅԴ-ն 19 համայնքներում խմբակցություն ձևավորելու հնարավորություն է ստացել: Մեզ հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը հաստատեց, որ ՀՅԴ-ն բանակցում է իրական ընդդիմադիր ուժերի հետ՝ համայնքային իշխանության ձևավորելու հարցում.
«Հայտարարվել է, որ ընդդիմադիր ուժերի հետ միասին տեղական իշխանություն ենք ձևավորելու, Ախուրյանում արդեն հայտարարվել է այդ մասին, առաջիկա օրերին ևս մի քանի համայնքներում իշխանություն ձևավորելու մասին կհայտարարվի: ՀՅԴ-ն, իբրև ընդդիմադիր ուժ, պատրաստ է շատ տեղերում համագործակցել իրական ընդդիմադիրների հետ , օրինակ՝ «Հայրենիք» կուսակցության հետ պատրաստ ենք համագործակցել, այդտեղ որևէ հարց չունենք, բայց անուններով չասեմ, քանի որ բանակցություններ են ընթանում»,-ասաց Սաղաթելյանը:
Աբովյանում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքով հաղթել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 46.19 տոկոս ձայն, սակայն մեծամասնություն կազմելու համար պետք է կոալիցիա կազմի այլ ուժերի հետ։
ԲՀԿ անդամ Արման Աբովյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում բացառել է կոալիցիան ՔՊ-ի հետ: Այստեղ անցել են նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը եւ ՀՅԴ-ն՝ ստանալով 5.14% կողմ ձայն։
Մեզ հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հնարավոր է ԲՀԿ-ի հետ քննարկեն Աբովյանում իշխանություն ձևավորելու հարցը.
«Մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը, համապատասխան որոշման մասին կհայտարարենք»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահի պնդմամբ՝ ՔՊ-ն ստում է՝ ասելով, թե 24 համայնքներում հաղթել են,իրականում ՔՊ-ն միայնակ կարող է իշխանություն ձևավորել 15 համայնքում, իսկ մնացածում, եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն, ապա կարող են իշխանություն ձևավորել.
«Ես մեր դիրքորոշումը հրապարակային ասել եմ, որ կան որոշ քաղաքական ուժեր, որոնք ներկայանում են այլընտրանք կամ ընդդիմություն, բայց իրականում իրենց նպատակն է հետընտրական շրջանում միանալ ՔՊ-ին, նույնիսկ այն համայնքներում, որտեղ ՀՅԴ-ն մասնակցում էր, պահանջեց, որ յուրաքանչյուրը իր դիրքորոշումը նախապես հայտնի և մարդկանց չխաբի՝ նախընտրական շրջանում ընդդիմություն խաղա և քվեներ ստանալուց հետո գնա միանա ընդդիմությանը»,- ասաց Սաղաթելյանը:
ԱԺ փոխնախագահի արձանագրմամբ՝ հասարակական տրամադրվածությունը ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ակնհայտորեն փոխվել է.
«Տեսեք՝ հունիսին ի՞նչ արդյունքներ է եղել, և համեմատեք դրանք ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ, հասարակության տրամադրվածությունը հստակ թվերով ապացուցվում է: Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ մարդկանց խոստացել է խաղաղություն, անվտանգություն, սակայն ընտրություններից 5 ամիս անց՝ մարդիկ գիտակցում են, որ վարչապետի աթոռին նստած անձն իրենց խաբել է, մենք շարունակում ենք կորուստներ ունենալ, վտանգները շարունակվում են, իսկ թշնամին էլ օրեցօր առաջ է գալիս, այս ամեն ինչը բերելու է այս իշխանության վերջնական ոչ լեգիտիմացմանը»,-ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը մեզ հետ զրույցում ընդգծեց նաև, որ ՏԻՄ ընտրությունների ողջ գործընթացը ուղեկցվել է իշխանության կողմից առերևույթ խախտումներով: Ըստ նրա՝իշխանությունն ամեն ինչ արել է վերարտադրելու համար, ընդդիմադիր թեկնածուների են բերման ենթարկել, կալանավորել, հետապնումներ են իրականցրել, վարչական ռեսուրսի են անխնա օգտագործել, ինչպես նաև շատ համայնքներում համայնքապետրի ՔՊ-ական ԺՊ-ներ են նշանակվել:
Իսկ թե առաջիկայում ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ընդդիմությունը, Սաղաթելյանը պարզաբանեց՝
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի երկիրը նոր զիջումների տանելու մանդատ, չունի ժողովրդական աջակցություն, որովհետև երկրին աղետ և չարիք բերած իշխանությունը չի կարող երկար ժամանակ խաբել ժողովրդին, այս իմաստով՝ պարարտ հող կա մեր ժողովրդին համախմբելու առումով, խնդիրը մեր ժողովրդին համախմբելն է: Մենք հայտարարել ենք դիմադրություն ձևավորելու գործընթացի մասին, մենք շարունակելու ենք մեր ակտիվ հանդիպումները քննարկումները և մարզային այցելությունները, կա մեկ ընդհանուր ծրագիր, որը պետք է հանգեցնի իշխանափոխության և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելուն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Comments