Ինչո՞ւ Նորքի ինֆեկցիոնում դատարկ մահճակալներ կան, իսկ COVID-ով վարակվածները հերթում սպասում են
«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ից տեսանյութ էր հրապարակել ու կից գրառմամբ հայտնել, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը դատարկ է, բայց հիվանդներին տանում են շրջաններ։
MediaHub.am-ի հետ զրույցում ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը հայտնեց, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»ն ամբողջությամբ COVID կլինիկա չի համարվում։
«Ունի կորոնավիրուսով վարակված հիվանդներին սպասարկելու առանձնացված բաժանմունք, որտեղ առկա է 119 սոմատիկ և 24 ռեանիմացիոն մահճակալներ, ծանրաբեռնվածությունը մեծ է, և գրեթե չկան ազատ մահճակալներ։ Այն հատվածը, որտեղ գնացել է տիկին Փոստանջյանը, Նորքի մոդուլն է՝ կառուցված մեկուսարանը, որտեղ տարվում են կասկածելի դեպքերը։
Հատկապես այն քաղաքացիները, որոնք ժամանել են Հայաստան և չունեն մինչև 72-ժամյա վաղեմության թեստի պատասխան, պատվաստված չեն և հրաժարվում են օդանավակայանում թեստավորվելուց։ Այդտեղ ստացիոնար բուժում չի իրականացվում, իրավունք չունենք ստացիոնար բուժման կարիք ունեցողներին տեղափոխելու»,- ասաց նա։
Խաչատրյանը Փոստանջյանին խորհուրդ տվեց շարժվել երկրում գործող օրենքներով՝ ինչպես բոլոր քաղաքացիները և, եթե չունի մինչև 72 ժամյա վաղեմության թեստի պատասխան, պատվաստված չէ և հրաժարվում է օդանավակայանում թեստավորվել, ապա նրան պետք է տեղափոխեին այդ մեկուսարան։
Արմինե Նավոյան
Comments