top of page

Ինչո՞ւ ՔՊ-ն Փարաքարում գործարքի գնաց Դավիթ Մինասյանի հետ



Գրեթե մեկ ամիս տևած խմորումներից հետո Փարաքար խոշորացված համայնքը երեկ վերջապես համայնքապետ ընտրեց։ «Դավիթ Մինասյան» դաշինքն ու ՔՊ-ն միասնաբար ուժերով կարողացան ավագանու նիստ գումարել և ընտրել համայնքապետի իրենց թեկնածուին՝ Դավիթ Մինասյանին, որը համայնքը ղեկավարելու է 2.5 տարի, որից հետո համայնքի ղեկը կանցնի ՔՊ-ական թեկնածուին։


Հատկանշական է, որ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ավագանու նիստը գումարվեց ու անցկացվեց ՔՊ-ական պատգամավորների դիտորդությամբ ու ներկայությամբ, որոնք «հարց լուծողի» հայացքով հետևում էին նիստի ընթացքին։


Հիշեցնենք, որ հունվարի հինգին և յոթին Փարաքարում ավագանու նիստ գումարել չհաջողվեց․ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որն ավագանիում ունի տասը մանդատ, ամեն կերպ խոչընդոտում էր նիստի գումարմանը, քանի որ չէր ցանկանում համայնքի ղեկը հանձնել «ՔՊ»-«Դավիթ Մինասյան» կոալիցիային, որը միասնաբար ուներ 11 մանդատ։ Իսկ երեկ «Ապրելու երկիրը» հայտարարեց, որ չի մասնակցում քվեարկությանը և ավագանու բոլոր անդամները վայր են դնում մանդատները։


Հատկանշական է, որ դա եղավ հենց այն ժամանակ, երբ ՔՊ-ական Հայկ Սարգսյանը, Կարեն Գրիգորյանն ու Վահագն Ալեքսանյանը գնացին Փարաքար՝ դիտորդի կարգավիճակով ավագանու նիստին հետևելու։ Նշենք, որ այդ նույն առաքելությամբ Վահագն Ալեքսանյանն էլ հունվարի յոթին էր գնացել Փարաքար, սակայն նրան չէր հաջողվել որևէ կերպ աջակցել ՔՊ-ին։


Այս ամենը մի կողմ, ավելի հետաքրքիր է, թե Վոլոդյա Գրիգորյանին խաղից հեռացնելուց հետո ինչ գործարք կնքեցին «Դավիթ Մինասյան դաշինք»-ն ու ՔՊ-ն։ Դավիթ Մինասյանը երեկ հայտարարեց, որ կողմ է համագործակցային իշխանությանը, և 2.5 տարի անց հնարավոր է համայնքապետ դառնա ՔՊ-ի թեկնածուն։


Եվ այս առաջարկին, բնականաբար, դեմ չէ նաև ՔՊ-ն, այն նույն ՔՊ-ն, որը Վանաձորի, Վեդիի կամ Վարդենիսի դեպքում լրիվ հակառակ դիրքորոշումն էր որդեգրել։ Նկատենք, որ ո՛չ Վանաձորի, ո՛չ էլ Վարդենիսի դեպքում նման առաջարկ չի հնչել իշխող խմբակցության կողմից, իսկ ահա Վեդիում ՔՊ-ն պարզապես վայր դրեց մանդատները, որպեսզի նոր ընտրություններ անցկացվեն, իսկ մինչ այդ, համայնքում ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը։


Այս դեպքում էլ Փարաքարում համայնքապետը Դավիթ Մինասյանն է, սակայն, փաստացի, իշխանությունը պատկանելու է ՔՊ-ին։


Նարե Գևորգյան

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page