Միջուկային խնդրի շուրջ բանակցություններում կա լավ առաջընթաց. Իրանի ԱԳՆ
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սայեդ Խաթիբզադեհը շաբաթական ասուլիսում հայտարարել է, որ Վիեննայում Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները «ճիշտ ուղու վրա են և գրանցել են լավ առաջընթաց»:
Նրա փոխանցմամբ, բանակցող կողմերի միջև առկա տարաձայնությունները մի շարք հարցերի շուրջ կարգավորվել են։
«Ամենակարևորն այն է, որ բոլոր կողմերը համաձայն են, որ Միացյալ Նահանգները հետագայում չպետք է նորից հրաժարվի հնարավոր գործարքից», - ասել է Խահթիբզադեհը:
Իրանը կարևորում է հնարավոր համաձայնության վերաբերյալ հստակ երաշխիքների տրամադրումը:
Խաթիբզադեհը նշել է, որ Միացյալ Նահանգները դեռ պատրաստ չէ ընդունել Իրանի առաջարկած մի շարք գործնական գաղափարներ: Նա Վաշինգտոնին կոչ է արել՝ հնարավորինս արագ որոշումներ կայացնել Թեհրանի հետ պահպանվող տարաձայնությունների վերաբերյալ:
Թեհրանը բանակցությունները շարունակելու համար պահանջում է Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների չեղարկում:
Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններին մասնակցում են Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Եվրամիության ներկայացուցիչները: Միացյալ Նահանգների ներկայացուցիչն այս փուլում ընթացող քննարկումներում հեռակա կարգով է ներգրավված:
Comments