top of page

Իշխանասարի հատվածից ակնհայտ երևում են թշնամու հենակետերը․ Սոֆյա Հովսեփյան



Հասարակական մի շարք գործիչներ այսօր՝ նոյեմբերի 20-ին, նախաձեռնել են միասնության ավտոերթ դեպի Սյունիք։

MediaHub.am-ի հետ զրույցում շարժման մասնակից, ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտնեց, որ նպատակը մեկն է՝ համախմբել հայությանը։


«Նախ՝ սյունեցին և, առհասարակ, հայ ժողովրդի համախմբումն է խաշժման նպատակը, ուզում ենք ևս մեկ անգամ ցույց տալ, որ նրանք մենակ չեն, այս երկիրն անտեր չէ, որ ով ուզենա, ինչպես ուզենա՝ երկրի հետ վարվի, և ինչ ուզենա, ում ուզենա՝ նվիրի։


Պետք է համախմբվենք և մեկ բռունցքի նման մեր երկրին տեր կանգնենք և պահանջենք նախ՝ բացատրել, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ մեր զինվորը մինչև հիմա պատշաճ չի զինվում և չի պաշտպանվում, ինչո՞ւ մինչև հիմա ունի խնդիրներ, որոնք մենք՝ քաղաքացիներս ենք լուծում։ Մինչև երբ պետք է վարչապետը քաղաքացիներին իր գործողությունների համար հաշվետու չլինի»,- ասաց նա։


Հովսեփյանի խոսքով՝ պահանջում են, որ առանց որևէ մեկի հետ քննարկման, առանց որևէ մեկին տեղեկացնելու այս երկրում փաստաթուղթ չստորագրվի։


«Մենք անձերին չենք քննարկում, մենք անձերին չենք հարցնում, սա համահայկական պայքար է և պետք է լինի գիտակցում, որ այլևս մենք չենք նստելու սպասենք, որ ով երբ ուզենա հարձակվի ու մի պատառ վերցնի»,- նշեց նա։


Հարցին՝ այս ակցիան արդյոք կհասնի՞ իր նպատակին, հաշվի առնելով հանգամանքը, որ նախկինում տեղի ունեցած ակցիաները որևէ շոշափելի արդյունք չեն տվել և իշխանությունները նման ակցիաներին տոտալ անտարբերությամբ են վերաբերում, Հովսեփյանն արձագանքեց․


«Վարչապետի և իշխանության տոտալ անտարբերությունը նախ՝ երևում էր ամբողջ պատերազմի և հետպատերազմի ժամանակ և այն, որ այսօր զինվորն, անգամ, ունի հրամանի կարիք, սա էլ է շատ բանի մասին խոսում։ Այսօր մենք լուրջ խնդիր ունենք»։


Հովսեփյանը չցանկացավ անդրադառնալ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվելիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Նրա խոսքով՝ այս պահին իրենք գտնվում են Իշխանասարի մոտ։


«Այստեղ ճանապարհից ակնհայտ երևում են թշնամու հենակետերը, և դա արդեն իսկ խնդիր է հենց այդտեղով երթևեկողների համար։ Այս ճանապարհները նախկինում անվտանգ էին, իսկ հիմա հայտնվել են թշնամու դիտարկման կետում»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։


Արմինե Նավոյան

Kommentare


1/473

LATEST NEWS​​

bottom of page