top of page

Իշխանության մանիպուլյացիայի դառը պտուղները․ Փաշինյանն՝ իրականությունից դուրս


Երեկվա ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե իբրև հանդիպել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ավելի վաղ այդ լուրերը հերքել էր Մարությանը։


Այս հերքումներն ինչքան էլ իրական լինեն, գործնական որևէ արդյունք չունեն քաղաքականության վրա, որովհետև «ֆեյքային» այդ լուրը տարածել էր Նիկոլ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցը՝ այդ հիմքով սկիզբ դնելով Մարությանի իմպիչմենտի գործընթացին։

Հիմա հասարակության զգալի մասը հավատում է, որ Քոչարյան-Մարության հանդիպում տեղի չի ունեցել, բայց դա գործնական որևէ նշանակություն այլևս չունի, որովհետև մանիպուլյացիայի հիմքով Երևանի քաղաքապետը պաշտոնանկ արվեց։

Մամիկոն Ասլանյանին իշխանությունը «հանցագործ» է հռչակել ու կալանավորել է՝ չնայած չկա դատավճիռ ու անմեղության կանխավարկածով Վանաձորի քաղաքապետը ոչ միայն անմեղ է, այլ իրավական ու քաղաքական տրամաբանությամբ նախաքննության փուլում կարող էր ներկա գտնվել Վանաձորի ավագանու նիստին, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կընտրվեր քաղաքապետ։


Իշխանությունը նման սցենար չունի ու այլ մարդու է ցանկանում կարգել քաղաքապետ։ Եթե իշխանության մտադրությունը կյանքի կոչվի, ապա հենց «վերևները» ամեն ինչ կանեն՝ մոռանալու համար, որ Ասլանյանը «հանցագործ» է ու նա ինչ-որ պատրվակով ազատ կարձակվի։ Կարևորը՝ այլևս քաղաքապետ դառնալու հնարավորություն չի ունենա։


Մանիպուլյատիվ այս մտածողությունը գործում է նաև ավելի գլոբալ հարցերում։


Նիկոլ Փաշինյանն ամբողջովին մանիպուլացնում է ԼՂ խնդրի պատմությունը, հակամարտության էությունը՝ Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելու անթաքույց ցանկությամբ։


Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մյուսները ժամանակի ընթացքում այս կեղծիքները կբացահայտեն, սակայն ժամանակն արդեն անցած կլինի, որովհետև Բաքուն ու միջազգային խաղացողները՝ Փաշինյանի փոխանցմամբ, ԼՂ խնդիրը կֆորմալացնեն մի ստատուս-քվոյով, որը խիստ վտանգավոր է Հայաստանի ու Արցախի համար։

Իշխանության քաղաքականության հիմքում բացառապես մանիպուլյացիան է, կեղծիքը։ Այն ամենը, որ թվացյալ հաղթանակների ֆոնին Փաշինյանին վերջնականապես կտրում է իրականությունից։ Դրա հետևանքը կանխատեսելի է՝ այսօր կամ ամիսներ անց․ Փաշինյանը դառնալու է իր մանիպուլյացիայի զոհը՝ կորցնելով վերահսկողությունն անգամ սեփական թիմի հանդեպ։

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page