top of page

«Ես եկա, որպեսզի ծառայեմ Հայաստանին». Արմեն Սարգսյանն ասել է` որ դեպքում հրաժարական կտա



Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հեղինակավոր The Spectator world պարբերականին` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պատրաստ է հրաժարական տալ բարեփոխումների իրականացումն արագացնելու համար։


Վերականգնվելու ու վերակառուցելու համար Հայաստանին նախևառաջ անհրաժեշտ է հրաժարվել «փրկիչներ» փնտրելու իր պատմական սովորությունից և ստանձնել պատասխանատվություն սեփական ապագայի համար։ Միջազգային հեղինակավոր The Spectator world պարբերականին տված իր հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ հոդվածի հեղինակը՝ հայտնի գրող և լրագրող Կապիլ Կոմիրեդդին, ամիսներ առաջ այցելել էր Հայաստան: Ի թիվս բազմաթիվ հարցազրույցների, նա զրուցել էր նաև Սարգսյանի հետ: «Որևէ արտաքին աջակցություն չի կարող վերակենդանացնել մի ժողովրդի, որը հրաժարվում է օգտագործել սեփական ուժեղ կողմերը: Ադրբեջանը զգալիորեն մեզ գերազանցեց, քանի որ ունի նավթային եկամուտներ։ Սակայն ի՞նչ արժեք կունենա նավթը մեկ կամ երկու սերունդ հետո»,–ասել է Սարգսյանը։ Հարցին, թե արդյո՞ք Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ բարեփոխումների իրականացումն արագացնելու համար, նա պատասխանել է, որ Հայաստանի նախագահ լինելն իր կյանքի մեծագույն պատիվն է։ «Սակայն ինձ հարգված զգալու համար չէ, որ համաձայնեցի այս աշխատանքին: Ես եկա, որպեսզի ծառայեմ Հայաստանին։ Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա այդ պաշտոնին, եթե դա կարող է որևէ ձևով խանգարել դրա կյանքի կոչմանը և երկրի առաջընթացին»,- հավելել է նա։ Իսկ, ահա, հարցին, թե ինչպե՞ս պետք է վերակառուցել արտաքին ագրեսիայից և ներքին կռիվներից բարոյալքված ազգը, Սարգսյանը պատասխանել է, որ պետք է սկսել սխալները ներսում փնտրելուց։ Նախագահը պնդում է, որ «ազգային ընկճվածության» այս դժվարին ժամանակահատվածը կարելի է փոխակերպել «ազգային զարթոնքի» հնարավորության:

Comentarios


1/473

LATEST NEWS​​

bottom of page