top of page

Կյանքից հեռացել է Մհեր Մանսուրյանը



Ֆրանսիայում հունվարի 7-ի առավոտյան մահացել է նկարիչ Մհեր Մանսուրյանը: Նա կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի և օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի եղբայրն է:


Նկարչի մահվան մասին լուրը հայտնեց Մհեր Մանսուրյանի եղբոր դուստրը՝ Նվարդ Մանսուրյանը:

«Նա ապրում էր Ֆրանսիայում իր ընտանիքի հետ: Ուներ կին, երկու երեխա, թոռնիկներ: Հորեղբայրս հիվանդ էր. թոքերի հետ կապված խնդիր ուներ և դժվարությամբ էր շնչում: Վարակվեց կորոնավիրուսով և հիվանդանոցում երկու ամիս մնալուց հետո կաթվածահար եղավ… չկարողացան փրկել»,-պատմեց Նվարդ Մանսուրյանն ու հավելեց, որ ամբողջ ընթացքում Մհեր Մանսուրյանի հետ կապի մեջ են եղել, սակայն վերջին օրը նա ի վիճակի չի եղել խոսել հարազատների հետ:


Նվարդ Մանսուրյանը շեշտեց, որ հորեղբայրը երբեք չի դադարել նկարել: Նրա համար կարևոր չեն եղել փառքն ու ցուցահանդեսները, դրանց քանակը: Մհեր Մանսուրյանն աշխատել է անգամ այն ժամանակ, երբ ֆիզիկապես իրեն լավ չի զգացել՝ հարազատներին վստահեցնելով, որ լավ է: «Նրա կյանքում առաջնային էր արվեստը: Մհեր Մանսուրյանի գործերը ցուցադրվել են և՛ Հայաստանում, և՛ արտերկրում, սակայն նա նկարում էր, որովհետև չէր կարող չնկարել»,-ասաց Նվարդ Մանսուրյանը:


Նրա խոսքով՝ Մանսուրյանը շատ կապված էր Հայաստանին, որտեղ տուն ուներ: Հայրենիք էր այցելում ամեն տարի: «2021-ի ամռանը ևս եկել էր Հայաստան: Հանդիպեցինք, միասին ժամանակ անցկացրինք, ու նա կնոջ հետ եղավ նաև Արթիկում, որտեղից նրա ընտանիքը գաղթել էր: Այցելել էին բոլոր այն վայրեր, որոնք կապված էին հորեղբորս մանկության հետ ու որոնք ջերմ հիշողություններ են արթնացրել»,-նշեց Նվարդ Մանսուրյանը:


Նկարչին հողին կհանձնեն հունվարի 11-ին Ֆրանսիայում, սակայն նրա խնդրանքով կինը մի բուռ հող կբերի Հայաստան:

Comments


1/472

LATEST NEWS​​

bottom of page