top of page

«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը դատի է տվել «Վարդաշեն»-ի բանտապետին



«Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը դատի է տվել «Վարդաշեն»-ի բանտապետին։ Դաշինքը, դատի տալով բանտապետին, պահանջում է, որ դատարանը ստիպի Վանաձոր համայնքի ավագանու նիստերի ժամանակ Մամիկոն Ասլանյանին տրամադրել ինտերնետ կապ և տեխնիկական միջոց, համակարգիչ կամ հեռախոս նիստերին հեռավար ձևաչափով մասնակցելու հնարավորությունն ապահովելու համար:


Դաշինքի առաջին համար Մամիկոն Ասլանյանի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանի խոսքով՝ Մամիկոն Ասլանյանը՝ որպես Վանաձորի ընտրված համայնքապետ, բոլոր իրավունքներն ունի մասնակցելու ավագանու նիստերին, և այդ մասին նրա ներկայացուցիչները անընդհատ բարձրաձայնում են՝ դիմելով իրավապահ համակարգի բոլոր օղակներին։


«Այստեղ հարցը միայն «Վարդաշենի» բանտապետին չի վերաբերում։ Մենք դիմել ենք Հայաստանի գրեթե բոլոր պատկան մարմիններին, որ ապահովեն Մամիկոն Ասլանյանի մասնակցությունն ավագանու նիստին, որովհետև անձն ընտրված է, ունի մանդատ և իրավունք ունի մասնակցելու նիստերին։ Եվ էական չէ, թե ինչ եղանակով կմասնակցի։ Գիտե՞ք ինչ եղավ դրանից հետո․ նախաքննական մարմինը սահմանափակեց Մամիկոն Ասլանյանի տեսակցություններն ու հեռախոսազանգերը»,- ներկայացրեց Երվանդ Վարոսյանը։


Նրա դիտարկմամբ՝ այսպես է արվում, որ որևէ ձևով թույլ չտրվի Ասլանյանին մասնակցել ավագանու նիստին, ինչը հերթական անգամ վկայում է այն պարզ ճշմարտությունը, որ Մամիկոն Ասլանյանն անազատության մեջ է գտնվում այն պատճառով, որ ժողովուրդը որոշել է ընտրել նրան։ «Այսինքն՝ այսօր Հայաստանում մեկ անձ որոշել է, որ ժողովրդի ընտրությունն ու որոշումը իրեն ձեռնտու չէ, և մեկուսացրել է ժողովրդի կողմից ընտրված մարդուն»,- նշեց Երվանդ Վարոսյանը։


Մամիկոն Ասլանյանի՝ Վանաձորի ավագանու նիստին չմասնակցելը խառնաշփոթ է առաջացրել նաև համայնքում։ Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչ օրս ավագանու մեկ արտահերթ նիստ է գումարվել, քանի որ հերթական անդրանիկ նիստը գումարելու դեպքում պետք է համայնքապետ ընտրվի, իսկ այդ հնարավորությունն այս պահին չկա։


«Մենք պահանջում ենք գտնել մեկ ելք, որ Մամիկոն Ասլանյանը մասնակցի ավագանու նիստին, քանի որ նա դատապարտյալ չէ, կալանավոր է։ Նրան՝ ավագանու նիստերին մասնակցելու հնարավորությունից զրկելը զուտ քաղաքական նպատակ է հետապնդում։ Եթե նա ծանր հանցագործության մեջ մեղադրվեր, գուցե հասկանալի լիներ այս քայլը, բայց այդ ի՞նչ ծանր հանցագործություն է արել, որ չեն թողնում մասնակցել նիստերին։ Նման բան կարելի էր անել սերիական մարդասպանի դեպքում։ Իսկ հիմա դատական համակարգը զուտ քաղաքական պատվեր է կատարում»,- ասաց Վահե Դոխոյանը։


Հավելենք, որ դեկտեմբերի 16-ից կալանքի տակ գտնվող Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարությանը: Վերջինս պահանջում է, որպեսզի վարչական դատարանը ապհովի 05.12.2021 թվականի ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված և ձևավորված Վանաձոր համայնքի ավագանու առաջին նիստին իր մասնակցությունը և քվեարկելու իրավունքը։


Նարե Գևորգյան

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page