Մենք բավական բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք. լուրջ վտանգ է սպասում Արցախին. Օհանյան
Երբեք անակնկալ չեն եղել այս իշխանության գործողությունները. Հասկանալի էր, որ իրենք կարող են բոյկոտել ԱԺ նիստը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ՔՊ-ն բոյկոտեց ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստը, որի օրակարգում սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ նախագիծ էր:
«Նմանատիպ միջոցառումների իրականացումն անհրաժեշտություն է հաշվի առնելով Հայաստանի եւ Արցախի շուրջը ստեղծված իրավիճակը, անվտանգության այս միջավայրը, ներքին ու արտաքին սպառնալիքներընաեւ այն իրադարձությունները, որոնք կատարվում են թե բանակցային գործընթացում, թե անվտանգության խնդիրներում, ՀՀ սահմաններին ու Արցախում: Դրանք մեզ ստիպում են միջոցառումներ ձեռնարկել իրավիճակը գնահատելու: Կարծում եմ՝ այդպիսի նախաձեռնություններ պետք է իրականացնի առաջին հերթին իշխանությունը»,-ասաց նա:
Անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման թեմային, Սեյրան Օհանյանն ասաց, որ սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ լսումներ, հայտարարություն ու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը բխում է Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից:
«Մենք բավական բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք, Թուրքիայի կողմից նախաձեռնած վարձկան ահաբեկիչների ընդգրկմամբ ու Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի հետևանքով զավթվել է Արցախի տարածքները, նաև՝ թուրք-ադրբեջանական տանդեմը հայտնվել է ՀՀ սահմաններում», - նշեց նա:
Ըստ Օհանյանի՝ չկա Հայաստանում որևիցե մեկ անձ, որ այսօր ասի՝ որտեղով են անցնում մեր սահմանները. «Որովհետև Խորհրդային Միության կազմ մտնելուց հետո Հայաստանի սահմանները տարիների ընթացքում բավականին մեծ փոփոխությունների են ենթարկվել ու սահմանազատման ու սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակում լուրջ ուսումնասիրություններ են պետք», - ասաց պաշտպանության նախկին նախարարը:
Comments