Մենք մամուլից ենք տեղեկացել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվում. չենք մասնակցի նիստերին․ Նազարյան
Մեկնարկել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, որին ներկա են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, օրինակ, տեղեկացրեց, որ իրենք հրաժարվելու են մասնակցել այդ հանձնաժողովի նիստերին, քանի որ մեկնարկն արդեն իսկ վատ է տրված՝ ընդդիմությունը մամուլից է տեղեկացել, որ հանձնաժողով է ստեղծվել։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց՝ ասելով, որ անգամ Կառավարության ծրագրում է ներառված այդ հարցը։
Գեղամ Նազարյանն էլ արձագանքեց, թե ՔՊ-ն պետք է իրենց կանչեր, ասեր, որ նման բան է նախատեսում անել։
«Ասեիք՝ եկեք, հասկանանք, թե ինչ ու ոնց ենք անելու, և այլն, և այլն։ Այդ դեպքում գոնե նման սխալ չէր լինի»,-ասաց Գեղամ Նազարյանը՝ ապա ընթերցեց քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշումը։
Նա նշեց, որ տեքստում անգամ սխալ կա, քանի որ նշված է՝ քննվելու է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հանգամանքները, բայց նշված չէ, թե ում կողմից է այն սանձազերծվել։
Անդրանիկ Քոչարյանն էլ հակադարձեց՝ սա իրավական փաստաթուղթ է, բայց, եթե ընդդիմությունն ուզում է, այդ բառը կավելացվի։
«Հիմա ես չհասկացա՝ մասնակցո՞ւմ եք, թե՞՝ ոչ»,- հարցրեց նա։
Գեղամ Նազարյանն էլ նկատեց՝ իրենք ընտրում են այն ձևաչափը, որը ճիշտ կգտնեն։
Նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ շարունակեց գործընկերոջ խոսքը՝ նշելով, որ պատգամավոր դառնալուց հետո առաջինը ծանոթացել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին, և հատկանշական է, որ այդ ռազմական գործողությունների քննությունը եղավ այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն այլևս իշխանության չէր։
«Դա թույլ էր տալիս օբյեկտիվ քննություն իրականացնել։ Օբյեկտիվ քննություն հնարավոր է, երբ հանձնաժողովում մեծամասնություն չի կազմում այն քաղաքական ուժը, որի օրոք եղել է պատերազմը»,- ասաց նա։
Նրա խոսքից հետո ընդդիմությունը լքեց դահլիճը։
Comments