Ցավոք, ես իրավունք չունեմ առաջադրվելու, բայց մենք նախագահի թեկնածու ունենք. Մգեր Արմենիա
«Նախագահի հրաժարականն ինձ համար անսպասելի չէր, որովհետև ինքն էլ էր երևի հասկացել, որ այն նախագահն է, որ մամուլից է տեղեկանում, երբ մենք ունենում ենք տարածքային կորուստներ», - այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Ազգի ձայնը» կուսակցության ղեկավար Մհեր Մեսրոպյանը։ Նա նշեց, որ չի հասկանում, թե Արմեն Սարգսյանը ինչ էր անում նախագահի պաշտոնում։
«Իր լինելը ես չեմ հասկանում, ի՞նչ էր անում էդ մարդը, իր գործունեությունը ո՞րն էր, մեկ էստեղ պարում էր, գնում էր մյուս տեղը մառոժնի էր ուտում, բուրգեր էր պատրաստում, էդ մարդը պետության համար ի՞նչ է արել։ Ես ուրախ եմ, որ ինքը գնաց, քանի որ կարծում եմ, որ իր գործունեության մեջ պտուղ չկար։ Արդյունքը ո՞րն էր, չէ որ ինքը պետության նախագահ է, պատասխանատու է շատ հարցերի համար և, ի վերջո, իր տեսակից՝ որպես նախագահ, ես շատ հիասթափվեցի, սկզբում խոստումնալից էր, որ կծառայի երկրին, բայց հետո հիասթափվեցի»։
Նրա խոսքով իրեն այդքան էլ չի հետաքրքրում, թե ինչ հարաբերություններ ունի վարչապետի հետ, կամ արդյոք նրանց միջև կոնֆլիկտ եղել է, բայց ընդգծեց, որ ի տարբերություն շատերի՝ Արմեն Սարգսյանը շատ մեծ կապեր ունի ամբողջ աշխարհում, բայց կասկած հայտնեց, որ դրանք օգտագործվել են ի շահ մեր երկրի։ Հարցին՝ ո՞ւմ է տեսնում նախագահի պաշտոնում և արդյոք համագործակցության առաջարկի դեպքում դրական կարձագանքի՝ նա պատասխանեց.
«Շատ կարևոր նրբություն է, խոսքը վերաբերում է երկրին։ Մենք ունենք մեր թեկնածուն, ում կարող ենք առաջադրել, բայց ես չեմ կասկածում, որ իշխանությունը մեզ կառաջարկի համագործակցել, որպեսզի մեր թեկնածուին առաջարկենք, իշխանությունը որոշում է և առաջ շարժվում, կարծում եմ ինքն էլ կներկայացնի թեկնածուին»։
Հարցին՝ պատրա՞ստ եք նախագահի պարտականությունների կատարման բեռը վերցնել ձեր ուսերին՝ Մհեր Մեսրոպյանը արձագանքեց. «Ցավոք, ես իրավունք չունեմ, հարգելիս, ես երկքաղաքացի եմ, օրենքը թույլ չի տալիս, փոխարենը մենք կառաջարկենք այն մարդուն, որը կարող է լինել երկրի նախագահ։ Այո, մենք ունենք թեկնածու, մնում է միայն, որ իշխանությունը համագործակցի ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ»։
Արմինե Նավոյան
Comments