«Միասնական Վարդենիս» դաշինքի հայցը մերժվեց
Վարչական դատարանը մերժեց «Միասնական Վարդենիս» դաշինքի հայցը, որով վիճարկվում էր ՏԸՀ-ի կողմից մանդատների բաշխման վերաբերյալ որոշումը։ Լրագրողների հետ զրույցում «Միասնական Վարդենիս» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ընտրությունների նախնական արդյունքները «Միասնական Վարդենիս» դաշինքի կողմից չէին բողոքարկվել, որովհետև դաշինքը գտնում էր, որ ընտրություններից հետո վերահաշվարկ իրականացնելը չի կարող լինել կամայական, ինքնանպատակ, որ վիճարկեն՝ վիճարկելու համար, մինչդեռ ՔՊ-ն միջնորդել է, որ վերահաշվարկ իրականացվի, ինչի արդյունքում մեկ քվեաթերթիկի տարբերությամբ մեկ ձայն ավելացվում է։ Փաստաբանի խոսքով՝ վերահաշվարկի վերաբերյալ տեսանյութերում երևում է, որ կան քվեաթերթիկներ, որոնք, ի սկզբանե, ՏԸՀ-ները դիտել էին անվավեր, ակնհայտ անվավեր, բայց վերահաշվարկի արդյունքում որոշում են, որ դրանք վավեր են, առնվազն չորս քվեաթերթիկ այդպիսին է, նույնիսկ այնքան անվավեր էր, որ պատռել էին։
«Ընդհանուր մոտ 19 քվեաթերթիկ՝ նման թերություններով, մատնանշել էինք Վարչական դատարանին։ Վարչական դատարանը բավարարել է մեր միջնորդությունը, նույնիսկ պարկերը փակ՝ քվեաթերթիկներով բերվել էին տարածքային հանձնաժողովից, հանվել էին վիճահարույց 19 քվեաթերթիկները, առանձնացվել էին ակնհայտ անվավեր քվեաթերթիկները։ Սրանից հետո դատարանն ինչպես է հայցը մերժում, արդարացնում տարածքային հանձնաժողովի քայլը՝ չգիտեմ, պետք է կարդամ վճիռը, ուղղակի զարմանալի է » ,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դատական իշխանությունն այս դեպքում իր բարձունքին չեղավ, չկանգնեց ՀՀ քաղաքացու քվեի կողքին։
Comments