top of page

Փաշինյանը Հայաստանը տվել է բոլոր գերտերություններին ու ասել՝ վարվեք՝ ինչպես կուզեք․ Նաիրի Հոխիկյան


Հենց միջազգային խոշոր կառույցներն են ասում՝ եթե ուզում ես մի երկիր կործանել, ապա այնտեղ ժողովրդավարություն տարածիր։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ խոսելով վերջին շրջանում քննարկվող թեմայի մասին, թե Հայաստանը օրինակելի ժողովրդավար երկիր է։


Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանի միջազգային բրենդը ժողովրդավարությունն է։


«Նախ, Փաշինյանն արժանի չէ, որ իր խոսքերը մեկնաբանենք, բայց եթե խոսքը ժողովրդավարության մասին է, ապա ասեմ, որ Հայաստանում երբեք ժողովրդավարություն չի եղել, այսօր՝ առավել ևս։ Ժողովրդավարությունը շատ հարաբերական հասկացություն է»,-նկատեց Հոխիկյանը։


Գործչի խոսքով՝ այն պատկերը, որ մենք տեսնում ենք երկրի ներսում՝ միջազգային հանրության ցանկությունն է և սա է պատճառը, որ Հայաստանին են օրինակ բերում որպես ժողովրդավար երկիր։


«Եթե ՀՀ-ի այսօրվա վիճակը ձեռնտու է եվրոպական կամ արևմտյան մի շարք երկրների, ապա, այո, սա ժողովրդավար պետություն է։ Ընտրությունները որքան էլ խախտումներով, բռնություններով լինեն, բայց արդյունքներն այլ երկրների գոհացնեն, ապա կհամարվենք ժողովրդավար։ Նույն իրավիճակը, երբ լինում էր Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ, ժողովրդավար չէր, իսկ հիմա ժողովրդավար է։ Այս առումով, միջազգային հանրության ոչ մի գնահատական օբյեկտիվ չեմ համարում»,-ասաց նա։


Ժողովրդավարությունը պետք է մեր ազգի համար լինի, նշեց Հոխիկյանը, և հավելեց՝ պետք է հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանի ռեժիմին կողմ է ժողովուրդը, թե ոչ։


«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տվել է բոլոր գերտերություններին ու ասել՝ վարվեք՝ ինչպես կուզեք․ այսպիսի երկիրը ձեռնտու է նրանց։ Այս դեպքում, ժողովրդավար է, որ դատավորին ապօրինի դատապարտում են, քաղաքապետերին կալանավորում են, որովհետև այս իշխանության սրտով չեն, լրագրողի ձեռքից հեռախոսը առգրավում են առանց որևէ օրինական որոշման»,- շեշտեց նա։


Հարցին, թե ինչո՞ւ է անկախ պետությունը հարմարվում գերտերություններին, Նաիրի Հոխիկյանը պատասխանեց՝ հարմարվել պետք չէ և այս իշխանություններին պետք է հեռացնել։


«Եթե միայն կոռումպացված լինեին, կարող էինք ճնշել, շտկել, բայց մեկ բան է կոռումպացված լինել, այլ բան է հայրենադավ լինել։ Դավաճանին չես կարող ասել՝ լավ, շարունակիր աշխատել, բայց էլ մի դավաճանիր հայրենիքդ։ Պետք է ամեն ինչ անենք, որ հեռացնենք այս իշխանությանը, որքան էլ նրանք հարմար լինեն արտաքին ուժերին»,-ամփոփեց նա։



Լիաննա Թորոսյան

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page