Նախատեսվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել քաղաքապետի տեղակալի հաստիքով
Առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ քաղաքապետն իր տեղակալի միջոցով հնարավորություն կունենա արդյունավետ համակարգել ճարտարապետաքաղաքաշինական միավորները:
Որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ պահանջող գործառույթները քաղաքապետարանը կտեղափոխի անվանի և փորձառու ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ: Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է պատգամավորների դրական եզրակացությանը:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին:
Comentarios