Նախկին ՀՀԿ-ականը գլխավորում է ՔՊ ցուցակը․ ովքե՞ր են համայնքի ղեկավարի թեկնածուներն Ապարանում
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Ապարան խոշորացված համայնքում։ Այստեղ պայքարում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքը։
«Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը։ Եղիազարյանը «Գնթունիք» ընկերության սեփականատերն է։ 2017-ին Ապարանում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել էր և ընտրվել: Ներկա պահին անկուսակցական է։
Այս դաշինքի ցուցակում ընդգրկված են Ապարան խոշորացված համայնքի մի շարք վարչական շրջանների ղեկավարներ։ Մասնավորապես՝ Արագած վարչական տարածքի ղեկավար Գագիկ Մելքոնյանը, Կայք վարչական տարածքի ղեկավար Կարեն Հարությունյանը, Երնջատափ վարչական շրջանի ղեկավար Հրաչյա Սահրադյանը, Թթուջուր վարչական տարածքի ղեկավար Զոհրակ Ասլանյանը, ինչպես նաև Ապարանի համայնքապետի տեղակալ Արկադի Կարապետյանը, «Գնթունիքի» հաշվապահ Անդրանիկ Ավետիսյանը և այլք։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է «Ապարան Գրուպի» տնօրեն Էդգար Փարվանյանը, որը 2016 թվականի ՏԻՄ ընտրություններին ևս քաղաքապետի թեկնածու է եղել, սակայն պարտվել է այն ժամանակվա քաղաքապետ Գոռ Աբրահամյանին։ Փարվանյանը նաև Հանրապետական կուսակցության անդամ է եղել և 2017-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ սատարել է ՀՀԿ-ին։ ՔՊ-ի ցուցակում տեղ գտած մյուս անձանց մեծ մասն, ըստ նրանց ներկայացրած պաշտոնական փաստաթղթերի, այս պահին չեն աշխատում։ Մնացած թեկնածուների մեջ գերակշռում են դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները։ Արմինե Նավոյան
Comments