top of page

Փաշինյանի խեղված պատկերացումները



Նիկոլ Փաշինյանը նախօրեին մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը: Փաստացի վարչապետն ամփոփել է անցնող տարին ու հանդես եկել ուշագրավ մի հայտարարությամբ։


«2021 թվականին երկրում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանցով մենք կարողացանք ընտրական գործընթացի նոր գործառույթ ի հայտ բերել, երբ ընտրություններով, ի վերջո, ներքին քաղաքական հուզումների մթնոլորտը հաղթահարվեց, այլ ոչ թե հակառակը»,- ասել է նա:


Հետպատերազմյան Հայաստանում ոչ թե «քաղաքական հուզումներ» են եղել՝ ինչպես մեղմորեն արտահայտվում է Փաշինյանը, այլ բազմաշերտ քաղաքական ճգնաժամ, որը կար մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները ու, ցավոք, դրանց արդյունքում չհաղթահարվեց։ Արտահերթ ընտրությունների անցկացմանն, իհարկե, այլընտրանք չկար․ դա թերևս գիտակցում էին բոլորը՝ սկսած իշխանություններից, վերջացրած՝ այն ուժերով, որոնք փողոցներում պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։


Մյուս կողմից, ընտրությունների արդյունքում ԱԺ-ում հայտնվեցին հիմնականում այն ուժերը, որոնք հանդես են գալիս «սևերի» ու «սպիտակների» հակադրության փաստարկումներով, ըստ այդմ՝ քաղաքական ճգնաժամի կոնֆիգուրացիան, որը կար մինչև հունիսի 20-ը, ոչ միայն չվերացավ, այլ ինստիտուցիոնալ բնույթ ստացավ՝ արտահայտվելով նոր ԱԺ-ում։


Նման իրավիճակում քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին կարող է խոսել կամ անուղղելի լավատեսը, կամ էլ՝ մարդ, որն իրականությունը միտումնավոր մանիպուլացնելու նպատակ ունի։ Փաշինյանի պարագայում՝ բնականաբար, գործում է երկրորդ մոտիվը։


Տարակուսելի է նաև, որ վարչապետության չորրորդ տարին թևակոխած Փաշինյանը, մեղմ ասած, խեղված պատկերացում ունի քաղաքական ճգնաժամի մասին՝ դա նույնացնելով ոչ թե երկրին, այլ սեփական իշխանությանը սպառնացող ռիսկերի հետ։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նրա իշխանությունը նույնքան անկայուն է, ինչպիսին էր մինչև ընտրությունները։ Իսկ գլոբալ քաղաքական ճգնաժամը չի վերացել, որովհետև ոչ միայն չեզոքացված չեն 44-օրյա պատերազմի հետևանքները, այլ նաև անվտանգային ռիսկերը տեղափոխվել են Հայաստանի տարածք՝ վտանգելով մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։


Վահրամ Բագրատյան

Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page