Ո՞ր համայնքներում և ինչո՞ւ մինչև այժմ համայնքի ղեկավար չի ընտրվել․ նոր ընտրություններ կլինե՞ն
Ո՞ր համայնքներում և ինչո՞ւ մինչև այժմ համայնքի ղեկավար չի ընտրվել․ ավագանու նոր ընտրություններ կլինե՞ն
Թեև խոշորացված համայնքներում ավագանու ընտրությունները դեռևս նախորդ տարեվերջին են տեղի ունեցել, սակայն կան համայնքներ, որոնցում մինչև այսօր ղեկավար չի ընտրվել։ ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչ այժմ Թալին, Վարդենիս և Վանաձոր խոշորացված համայնքներում տեղի չի ունեցել համայնքապետի ընտրություն։
Վարդենիս խոշորացված համայնքում պայքարում էին երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն գործող համայնքապետ Արամ Մելքոնյանն էր, ով ստացել է մոտ 6000 ձայն։ «Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջին համարը և համայնքապետի թեկնածուն Ահարոն Խաչատրյանն էր, ով ներկայում Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի ղեկավարն է, ստացել է մոտ 5000 ձայն։ Վարդենիսում պայքարող մյուս քաղաքական ուժը՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը, որի ցուցակը գլխավորում էր Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը, ստացել է մոտ 2500 ձայն։
Երկու ընդդիմադիր ուժերը դաշինք կազմեցին ընտրությունից հետո և միասնական թեկնածու առաջադրեցին Ահարոն Խաչատրյանին։ Ավագանու առաջին նիստի սկզբում քվորում չէր ապահովվել և, ըստ Արամ Մելքոնյանի, ապօրինի կերպով էր նիստը տեղի ունեցել, ինչի արդյունքում ավագանու իշխանական անդամները չէին մասնակցել համայնքապետի ընտրությանը, իսկ ընդդիմադիրները ընտրել էին Ահարոն Խաչատրյանին։ Արամ Մելքոնյանը դիմել է վարչական դատարան՝ Վարդենիսում ավագանու առաջին նիստn անվավեր համարելու պահանջով։ Հունվարի 27-ին նախատեսվում է այս գործով նիստը։
Լոռու մարզի Վանաձոր համայնքում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 38.71 տոկոսը կամ 12 810 ընտրող։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 8295 ձայն (25.06%), «Հայաստանի աշխատավորական» կուսակցությունը՝ 4809 ձայն (14.53%), «Հայրենիք» կուսակցությունը՝ 1483 ձայն, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1313։
Փաստացի իշխանություն չունեցող Վանաձորում ավագանի անցած կուսակցությունները չեն բացառում, որ նոր ավագանու նիստեր այդպես էլ տեղի չեն ունենա, և համայնքը նոր ընտրությունների կգնա։ Մեկ ամիս առաջ տեղի ունեցած ընտրություններից հետո մանդատ ստացած 33 անդամներն այդպես էլ համայնքի ղեկավար չընտրեցին։
Ընդամենը մի քանի ձայնի պատճառով ավագանիում մանդատ չստացած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատարանում վիճարկել էր քվեարկության արդյունքները։ Մինչև այսօր թե՛ վարչական և թե՛ վճռաբեկ վարչական դատարանները մերժել են ԼՀԿ-ի հայցը։ Այդ ընթացքում նորընտիր ավագանին նիստեր գումարելու իրավունք չի ունենա։ Բայց մինչ դատարաններում կվճռեն «Լուսավոր Հայաստանի»՝ Վանաձորի ավագանիում մանդատ ունենալ-չունենալու հարցը, մյուս խմբակցություններում ասում են՝ անորոշություն է՝ չբացառելով, որ Վանաձորում բոյկոտի ճանապարհով հնարավոր են նոր ընտրություններ։
Ամենաշատ ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածուն դեռ ազատազրկված է։ Նա դեկտեմբերի 15-ին՝ համայնքի ղեկավարի ընտրությունից օրեր առաջ, երկու ամսով կալանավորվեց իր պաշտոնավարման տարիներին առերևույթ կատարած, ենթադրյալ հանցանքների համար։
Թալին խոշորացված համայնքում 2021թ-ի դեկտեմբերի 17-ին ավագանու առաջին նիստը լարված մթնոլորտում անցավ։ Նիստի արդյունքում համայնքի ղեկավար ընտրվեց ՔՊ-ական Տավրոս Սափեյանը։ Սակայն այսքանով համայնքում լարվածությունը չմարեց։ Այժմ համայնքապետարանի աշխատանքը պարալիզացված է։ 2022 թվականի հունվարի 11-ին օրենքի ուժով հրավիրված ավագանու երկրորդ նիստը տեղի չունեցավ՝ ընդդիմադիր խմբակցությունների` նիստին չներկայանալու պատճառով, ինչի արդյունքում օրակարգային հարցերը չքննարկվեցին և համապատասխան որոշումներ չկայացվեցին։
Comments