Ովքե՞ր են վարչապետի աշխատակազմին փորձագիտական ծառայություններ մատուցում և որքա՞ն գումարի դիմաց
Վարչապետի աշխատակազմին մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով փորձաքննության ծառայություններ են մատուցում մշտապես նույն անձինք։ Մասնավորապես, e-gov կայքից MediaHub.am-ը տեղեկանում է, որ նման ձառայություններ մատուցում են Զարուհի Արամի Մեջլումյանը, Պետիկ Վահանի Մկրտչյանը, Դավիթ Գեորգիի Գյուրջյանը և Արայիկ Պապիկյանը։
Զարուհի Արամի Մեջլումյանը, որը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինն է, մասնագիտությամբ փաստաբան է, իշխանափոխությունից հետո զբաղեցրել է Պետական վերահսկողական ծառայության պետի մամուլի խոսնակի պաշտոնը։
Միայն 2021թ-ին Մեջլումյանը փորձաքննական երեք ծառայություն է մատուցել։ Փետրվարի 12-ին Մեջլումյանը 1 646 795 դրամի պայմանագիր է կնքել Տիգրան Սուրենի Օհանջանյանի մահվան առնչությամբ հարուցված քրեական գործով փորձագիտական ծառայություններ մատուցելու համար։ Հուլիսի 27-ին նա կրկին 1 646 795 դրամի պայմանագիր է կնքել ոչ մարտական պայմաններում Վալերիկ Ազատի Մուրադյանի մահվան կապակցությամբ հարուցված քրգործի առնչությամբ փորձագիտական ծառայություն մատուցելու համար։ 1 133 975 դրամ էլ հոկտեմբերի 14-ին կնքված պայմանագրով փոխանցվել է Մեջլումյաինին՝ ոչ մարտական պայմաններում զոհված Արթուր Սումբատի Ղազարյանի մահվան դեպքով հարուցված քրգործի առնչությամբ փորձագիտական ծառայություն մատուցելու համար։
Դավիթ Գեորգիի Գյուրջյանը ևս փաստաբան է և Զարուհի Մեջլումյանի հետ նույն գործերով և նույն գումարի դիմաց է փորձագիտական ծառայություններ մատուցում վարչապետի աշխատակազմին։
Պետիկ Վահանի Մկրտչյանը ևս նույն գործերով ու նույն գումարի դիմաց է փորձագիտական ծառայություն մատուցել։ Վերջինս 2021թ-ի ապրիլի 5-ին նշանակվել է ՊԵԿ նախագահի խորհրդական։
Վալերիկ Ազատի Մուրադյանի մահվան կապակցությամբ հարուցված քրգործի առնչությամբ փորձագիտական ծառայություն մատուցելու համար 1 646 795 դրամի վարչապետի աշխատակազմը պայմանագիր է կնքել Արայիկ Պապիկյանի հետ, որը 2009թ-ից հանդիսանում է Հելսինկյան Ասոցիացիայի աշխատակից։ Նշենք, որ Հելսինկյան Ասոցիացիան, ըստ լուրերի, ֆինանսական աջակցություն է ստանում Սորոսի հիմնադրամից։
Արմինե Նավոյան
Comments