top of page

Ո՞վ ում շահն է սպասարկում Փարաքարում․ բոլորը հանուն ՔՊ-ի՞


Փարաքար համայնքում ավագանու ընտրության հարցը շարունակում է մնալ առկախված։ Դեկտեմբերի հինգի ընտրություններից հետո՝ մինչ օրս, ընտրական շեմը հաղթահարած քաղաքական երեք ուժերը՝ «Ապրելու երկիր», «Դավիթ Մինասյան» դաշինք և ՔՊ, ընդհանուր հայտարարի չեն գալիս և հետաձգում են համայնքապետի ընտրության հարցը։


Նշենք, որ ընտրությունների արդյունքում՝ «Ապրելու երկիր» կուսակցությունից ավագանու անդամ է դարձել 10 հոգի, ՔՊ-ից՝ 6 և «Դավիթ Մինասյան» դաշինքից՝ 5 հոգի։ Վերջին երկու ուժերը որոշել են որպես համայնքապետի թեկնածու առաջադրել և ընտրել Դավիթ Մինասյանին։ Այս ամենը, կարծեք թե, չի գոհացնում «Ապրելու երկիր» կուսակցությանը, որը անընդհատ հայտարարում է՝ համայնքի ղեկավար պետք է ընտրվի իրենց թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, որն, ի դեպ, դեռ դեկտեմբեր ամսին համայնքապետարանի բակում՝ որպես ընտրված համայնքապետ, երդվել էր։ Նրա ընտրվելը չէր օրինականացվել, քանի որ, ըստ կուսակցության ներկայացուցիչների, համայնքապետարանի կնիքը Դավիթ Մինասյանը գողացել էր։ Այս մանրամասները մի կողմ, հիմա խնդիրն այն է, որ քաղաքական երեք ուժերը օրեր շարունակ համայնքում իրավիճակը լարված են պահում։


Այսպես, դեկտեմբերի 5-ին պետք է ավագանու նիստ գումարվեր, սակայն, քաղաքական ուժերը որոշեցին, որ այդ պահին նպատակահարմար չէ համայնքապետ ընտրել, քանի որ դրսում լարված վիճակ է, և քաղաքացիների միջև կրքերը կարող են բորբոքվել։


Այսօր էլ՝ դեկտեմբերի 7-ին, պետք է նիստ գումարվեր, սակայն «Ապրելու երկրի» անդամները համայնքի մշակույթի տան բակում տեղի ունեցած քաշքշուկի մասնակիցներից մեկին ջուր էին հասցրել ու ուշացել նիստից։ Իսկ ավագանու մյուս 11 անդամները նիստը բացել էին, և այն վարելու իրավունքը տվել այդ պահին նիստերի դահլիճում գտնվող ամենատարեց քաղաքացուն, որը «Դավիթ Մինասյան» դաշինքից է։ Այս հանգամանքը խիստ մտահոգել էր «Ապրելու երկիր» կուսակցության անդամներին, և նրանք պահանջում էին, որ իրենց կուսակցության ներկայացուցիչը վարի նիստը, քանի որ ընտրված ավագանու անդամներից ամենատարեցը հենց նա է։


Հետաքրքրական է, որ մինչ «Դավիթ Մինասյան» դաշինք-«Ապրելու երկիր» տանդեմը թեժանում էր, ՔՊ-ն իր կրավորական դիրքում հետևում էր դեպքերի զարգացմանը։ Որևէ ՔՊ-ականի չէր հետաքրքրում, թե արդյոք այսօր նիստ լինելո՞ւ է կամ արդյոք մյուս երկու կողմերը ընդհանուր լեզու գտնելո՞ւ են։ Տպավորություն էր, որ դեպքերի նման զարգացումը շատ էլ ձեռնտու է քաղաքական այդ ուժին, հատկապես, որ քաղաքական մյուս երկու ուժերը հստակ հայտարարում էին, թե պատրաստ են արտահերթ ՏԻՄ ընտրությունների։


«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն այսօր հստակ նշեց, որ ավագանու նիստ չի լինի, քանի դեռ իրենց կուսակիցը նիստը վարելու իրավունք չի ստացել, իսկ «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանն էլ պնդում էր՝ 14-օրյա ժամկետ կա, և որևէ օր իրենք կընտրեն համայնքապետի իրենց թեկնածուին, իսկ եթե ոչ, ապա կգնան արտահերթ ընտրությունների։


Եվ, ըստ երևույթին, քաղաքական ուժերը, կամա թե ակամա, գնում են նրան, որ Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացվեն, ինչը ՔՊ-ին շանս կտա ձայների մեծամասնություն ստանալ, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, այս լարված շրջանը կուսակցությունն իր օգտին է ծառայեցնում և համակիրներ հավաքում։


Նարե Գևորգյան


Comments


1/473

LATEST NEWS​​

bottom of page