Մեկնարկել է Փաշինյանի իշխանության ավազե ժամի հաշվարկը
Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է։ Երբեմնի ժողովրդի վարչապետը տեսնում է՝ ինչպես է փլվում իր կայսրությունը։ Եթե 2018 թվականին խորհրդարանական ընտրություններում նա բացարձակ իշխանություն ուներ, ապա այժմ ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Փաշինյանը զիջում է իր դիրքերը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել 36 համայնքներից ընդամենը 16-ում։
Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից հետո, ինչ-որ զուգադիպությամբ, քրեական հետապնդումներ սկսվեցին ՔՊ-ին հաղթած թեկնածուների դեմ։ Վերջին ու ամենաթարմ օրինակը Վանաձորում ձայների բացարձակ մեծամասնությունը ստացած Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունն է։ «Ասլանյան» դաշինքի առաջին համարը երեկ բերման էր ենթարկվել Քննչական կոմիտե և ձերբակալվել ենթադրյալ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հիմքով։ Հատկանշական է, որ Ասլանյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց այն պահին, երբ նա հայտարարեց, որ չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի և հատկապես՝ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել։
Նույն պատկերն է Վարդենիս խոշորացված համայնքի դեպքում։ Իշխանական թեկնածու, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Մելքոնյանի ստացած ձայները թույլ չտվեցին միանձնյա իշխանություն ձևավորել։ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը, որը ստացել էր 37.76 տոկոս ձայն, միացավ «Միասնական Վարդենիս» դաշինքին և ներկայացրեց իր թեկնածուին՝ Ահարոն Խաչատրյանին։ Այս դեպքում էլ, ՔՊ-ին հաղթած ուժին ճնշելու համար բերման ենթարկեցին «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար Արամ Հարությունյանին։
Վեդիում էլ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը հաղթեց իշխանական ուժի առաջադրած թեկնածուին՝ Գարիկ Սարգսյանին։ Բայց այս դեպքում էլ ՔՊ-ն ձեռքերը ծալած չի նստում։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ՔՊ-ն և «Հանրապետությունը» պատրաստվում են վայր դնել մանդատները, որպեսզի նոր ընտրություններ անցկացվեն։ ՔՊ առաջին համար Գարիկ Սարգսյանն արդեն արեց իր քայլը և վայր դրեց մանդատը։
Իշխանությունն իր դիրքերը զիջում է ոչ միայն համայնքներում, այլ նաև՝ մայրաքաղաք Երևանում։ Փաշինյանն անգամ փորձում է ազատվել «թավշյա հեղափոխության» կարկառուն ներկայացուցիչներից մեկից՝ Հայկ Մարությանից, քանի որ նա սկսել է հետ կանգնել Փաշինյանի «հեղափոխական» գաղափարներից։ Այսօր, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, իշխանությունը ՀՀ գլխավոր դատախազին փոխարինողի փնտրտուքի մեջ է: Այս դեպքում, թերևս, ճիշտ է այն թեզը, որ հեղափոխությունը խժռում է հենց իր զավակներին։
Այսպիսով, Փաշինյանի բոլոր քայլերը բացառապես ուղղված են իր դիրքի և իշխանության պահպանմանը, որի ճանապարհին նա փորձում է հնարավոր բոլոր մեթոդներով չեզոքացնել ընդդիմությանը։
Նարե Գևորգյան
Comments