Փաշինյանը ռազմաքաղաքական այն դիրքում չէ, որ ունակ լինի խոսքի տերը լինել․ Արման Մելիքյան
Քիչ անց Սոչիում կմեկնարկի Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։ Ի՞նչ սպասել այդ բանակցություններից․ թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ։
Նրա խոսքով՝ ըստ երևույթին, հանդիպման հիմնական թեման Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի կազմակերպումն է լինելու:
«Սովորաբար, կազմվում է սահմանազատման միջպետական երկկողմ հանձնաժողով, որի անդամները հատված առ հատված համաձայնեցնում են ընդհանուր սահմանային գիծը: Դա տևական գործընթաց է, և պատահում է, որ այդպես էլ չի հաջողվում ամբողջությամբ ճշտել սահմանագիծը, շարունակում են մնալ վիճելի հատվածներ»,- նշեց նա։
Ըստ Մելիքյանի՝ այսօրինակ դեպքերում գործում է փաստացի վերահսկողության սկզբունքը, որը տեղ է թողնում զինված բախումների համար:
«Մեր դեպքում հավանական եմ համարում, որ այդ միջպետական սահմանազատման հանձնաժողովը կարող է լինել եռակողմ՝ Ռուսաստանի ներգրավմամբ կամ նրա արբիտրաժային ֆունկցիաներով օժտված լինելու պայմանով»,- նշեց նա։
Հարցին՝ պե՞տք է հավատալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նա որևէ փաստաթուղթ չի ստորագրելու, Արման Մելիքյանը պատասխանեց․
«Նա այժմ ռազմաքաղաքական այն դիրքի տերը չէ, որ ունակ լինի խոսքի տերը լինել, առավել ևս, եթե դրսից ճնշում գործադրվի: Այլ հարց է, որ այդ արտաքին ճնշումը կարող է օգտագործվել նաև նրա ապագա քայլերն արդարացնելու համար: Ի դեպ, նույն վիճակում կլինի Հայաստանի կառավարության ցանկացած նոր ղեկավար, որն այսօր կստանձնի վարչապետի պաշտոնը»,- նկատեց Մելիքյանը։
Ինչ վերաբերում է այսօր Ադրբեջանից երկու հայ գերիների վերադարձի փաստին կամ արդյոք դա կապվա՞ծ է այսօրվա հանդիպման հետ, Արման Մելիքյանը նշեց, որ գերիների խնդիրն, իհարկե, ՀՀ իշխանություններին մշտական ճնշման տակ պահելու, ահաբեկելու՝ մեզ համար շատ ցավոտ գործիք է:
Արման Մելիքյանի դիտարկմամբ՝ ռազմագերիներն, իրականում, պատանդ են պահվում թշնամու պահանջները կատարելու հարցում մեզ հանձնվողականության դրդելու համար:
Նարե Գևորգյան
Comments